24.11.2024
Գերմանիայի դեսպան. ԵՄ դռները Հայաստանի համար փակ չեն
prev Նախորդ նորություն

Մամուլի տեսություն. Ընդդիմության ներկայացուցիչները մեկնել են Մոսկվա, իսկ այնտեղից՝ ԱՄՆ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան տպագիր մամուլի տեսությունը, որում ներառված է կարևոր իրադարձությունների մասին ընդգրկուն տեղեկատվություն:

«Հրապարակ» օրաթերթը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները՝ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ, մեկնել են Մոսկվա, այնտեղից էլ նրանք կմեկնեն ԱՄՆ։ Ուղեւորության նպատակը, ինչպես հաղորդում է ՔՊԿ մամուլի խոսնակ Ալեն Սիմոնյանը, «հանդիպումներ ունենալն է մեր հայրենակիցների հետ»։ Մենք հետաքրքրվեցինք, թե ում հետ են հանդիպում եւ այս օրերին ինչ հարցերի շուրջ են զրուցում մոսկվաբնակ հայերի հետ։ «Հանդիպումներն ու քննարկումները տեղի են ունենում գրեթե ամեն օր։ Կարող եմ Ձեզ հավաստիացնել, որ մարդիկ ամեն ինչից, բոլոր ներքաղաքական խնդիրներից տեղյակ են։ Հիմնական հանդիպումը նշանակված էր կիրակի երեկոյան։ Վերջինիս ներկա էր մոտ 60 մարդ։ Ընթացքում քննարկվել են բազմաթիվ հարցեր։ Չնայած դրան, այսօր էլ հանդիպումները շարունակվում են։ Ամեն օր առնվազն մեկ-երկու հանդիպում է լինում»,- պատասխանեց Սիմոնյանը»:

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Փետրվարյան «պատերազմից» հետո հասարակությանը վերաինտեգրվելու ու կասկածի տակ առնված բարերարի կոչումը վերականգնելու Գագիկ Ծառուկյանի ոչ բոլոր փորձերն են հաջողվում: Շաբաթ օրն Արարատի եւ Արմավիրի մարզերում խաղողագործների հետ հանդիպումն ավելի շատ իր բարեգործությունների մասին հիշեցնելու, արած-չարածը երեսով տալու եւ «փրկչի» տիտղոսը վերականգնելու նպատակն էին հիշեցնում: Շաբաթ առավոտվանից «Արարատ» գինու, օղու, կոնյակի գործարանի Մասիսի խաղողի մթերման կայանի բակում ասեղ գցելու տեղ չկար, արեւից խանձված հարյուրավոր գյուղացիների աչքը Գագիկ Ծառուկյանի ճամփին էր… Գյուղացիների աչքը Ծառուկյանի ճանապարհին էր, մարդկանց հոգսը քիչ էր, քաղաքական անցուդարձն էլ մյուս կողմից էր ծանրացել նրանց ուսերին: Մի տարեց պապիկ կողքիններին բացատրում էր, որ եթե Ծառուկյանի հետ այդպես չվարվեին փետրվարին, իրենք այս օրը չէին ընկնի. «Մարդուն դրեցին ճզմեցին, հարկերը սղմեցին, դրա համար էլ էսօր գործերը վատացել ա»։ Իշխանություններից վառված ազատավանցի պապիկին կողքի կանգնածն էլ հանգստացնում էր, թե նորից բարիշել են Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանը. «Իրար հետ են արդեն հանգստանում, ո՞վ ա նեղել, էդ մի պահ էր»:

«168 ժամ» օրաթերթը գրում է. « Պարոն Գորիկ Հակոբյանը պարզապես իր տեղում չէ, և Սերժ Սարգսյանը պետք է մտածի նրան փոխարինելու մասին»,- նման կարծիք հայտնեց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը՝ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանի երեկ արած հայտարարությանը:

Հիշեցնենք, որ երեկ լրագրողների հետ զրույցում ԱԱԾ տնօրենը խոսելով օրերս Ադրբեջան ներգաղթած և քաղաքական ապաստան պահանջած Վահան Մարտիրոսյանի սահմանը հատելու մասին՝ նշել էր, որ դա «շատ հեշտ բան է, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ազատորեն, օրվա մեջ ցանկացած ժամի, շաբաթը յոթ օր, տարին տասներկու ամիս, գարուն, աշուն, ամառ, ձմեռ՝ երբ ուզենա, կարճ ասած, կարող է անցնել Ադրբեջան»։ «Հայտարարել, որ մի շարք խարդախությունների, գողությունների մեջ մեղադրվող, հետախուզման մեջ հայտարարված, չբացակայելու ստորագրություն տված անձը կարող է հանգիստ գնալ և լքել Հայաստանը, նշանակում է՝ Գորիկ Հակոբյանն ուղղակիորեն խթանում է Հայաստանում հանցագործությունը, որովհետև նա ուղղակի հասկացնում է, որ բոլոր հանցագործները կարող են գործել արարք և շատ հանգիստ լքել Հայաստանի տարածքը, որովհետև որևէ մեկը նրանցով չի զբաղվում»,- նշեց Սաֆարյանը: