VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան տպագիր մամուլի տեսությունը, որում ներառված է կարևոր իրադարձությունների մասին ընդգրկուն տեղեկատվություն:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ ԱԺ աշխատակազմի ղեկավար
Հրայր Թովմասյանի աշխատասենյակում նոր Սահմանադրության նախագծին նվիրված քննարկում է կազմակերպվել: Այն անցկացվում էր «դռնփակ»: Սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի անդամներին հանձնարարվել է առաջիկա օրերին իմի բերել բոլոր խնդիրները, առաջարկություններն ու շտկել բոլոր այն թերությունները, որոնք ի հայտ են եկել նախագծի քննարկումների ընթացքում: «Ժողովուրդ»-ի թղթակիցը նկատել է, որ Թովմասյանի աշխատասենյակ էին շտապում նաեւ ՀՀԿ-ական պատգամավորները, նրանց եւս հանձնարարված է հանձնաժողովին ներկայացնել իրենց դժգոհությունները: Ի դեպ, ՀՀԿ-ում նոր Սահմանադրության նախագծի հետ կապված կարծիքներն այդքան էլ միանշանակ չեն, մասնավորապես երիտասարդ թեւը վստահ է, որ նոր Սահմանադրության փոփոխությունների կարիք չկա»:
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Հայաստանի տնտեսական անկումը սկսել է իրեն զգացնել տալ։ ԱՎԾ-ն երեկ հրապարակել է այս տարվա հունվար-օգոստոս ամիսների սոցիալ-տնտեսական ցացանիշները, համաձայն որոնց` տնտեսական ակտիվության ցուցանիշը դարձել է 3.9 տոկոս, այնինչ՝ ընդամենը մեկ ամիս առաջ իշխանությունները նկարել էին 4.2 տոկոս աճ։ Այսինքն՝ մեկ ամսվա ընթացքում այդ ցացանիշը նվազել է 0.3 տոկսով։ Ի դեպ, այս ընթացքում նվազել է նաև ներքին առևտրաշրջանառությունը՝ 5.4 տոկոսով, իսկ արտաքին առևտրաշրջանառությունը՝ 19.5 տոկոսով»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Վարչապետ
Հովիկ Աբրահամյանի եւ ֆինանսների նախարար
Գագիկ Խաչատրյանի հակասությունների մասին լուրերը հին են, սակայն ասում են, որ 2016-ի բյուջեի ձեւավորման հետ կապված՝ դրանք ավելի են խորացել: Ըստ կառավարության մեր աղբյուրների, Հովիկ Աբրահամյանն ամեն ինչ անում է ֆինանսների նախարարի պաշտոնում այլ անձի, ինչպես նախկինում էին պնդում՝ ոչ թե Պավլիկ Սաֆարյանին, այլ Վաչե Գաբրիելյանին նշանակելու համար: Ընդ որում` հարկային եւ մաքսային կառույցները ֆինանսների նախարարության «տակից» հանելու պայմանով: Նախագահականում առայժմ ընդդիմանում են, սակայն Հովիկ Աբրահամյանը չի ընկրկում: Ի դեպ, ասում են,
Սերժ Սարգսյանը սահմանադրության հանրաքվեի նախապատրաստման այս օրերին հրահանգել է` որեւէ պաշտոնյա որեւէ պաշտոնյայի դեմ լրատվամիջոցներով «բոչկա չգլորի»: Վարչապետ-ֆինանսների նախարար հրապարակային բարեկամական ռեւերանսները հենց այդ կոնտեքստում են»:
«Հրապարակ» թերթի տեղեկություններով,
Վարդան Օսկանյանն այլևս ակտիվորեն չի զբաղվում «Սիվիլիթասի» ֆինանսավորման աշխատանքներով։ Ավելին՝ տեղեկություններ կան, որ նա տևական ժամանակ է, ինչ հանձնել է շենքի ութերորդ հարկը՝ ավելորդ ծախսեր չանելու համար, և «Սիվիլիթասի» որոշ աշխատակիցներ նոր աշխատանք են որոնում։ Օսկանյանը ոչ միայն ցանկանում է կուսակցություն ստեղծելու նախաշեմին ֆինանսական պարտավորություններ չունենալ, այլև «մաքուր» մնալ, որպեսզի քաղաքական գործընթացների, կուսակցաշինության այս փուլում որևէ խնդիր չունենա իշխանությունների և իրավապահների հետ, և ստեղծվելիք կուսակցությունը ֆինանսավորվի բացառապես ներսից։
Ըստ որոշ տեղեկությունների, կուսակցության կորիզը կկազմեն
Երվանդ Բոզոյանը,
Անդրանիկ Թևանյանը,
Վիկտոր Սողոմոնյանը։ Խոսակցություններ կային, որ նաև՝ Վահե Հովհաննիսյանը, սակայն վերջինս մեզ հետ զրույցում կատեգորիկ ժխտեց նման հեռանկարը, նա, հավանաբար, կշարունակի մնալ գորշ կարդինալի կարգավիճակում։ Օսկանյանի ստեղծելիք կուսակցությունը կգրանցվի սահմանադրական հանրաքվեից հետո և կհետապնդի բացառապես առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու նպատակ՝ իր տանիքի տակ հավաքելով ընդդեմ «ռեժիմի» հանդես եկող պրոքոչարյանական ուժերին»։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ մինչեւ ԱԺ հաջորդ քառօրյան, որը մեկնարկելու է հոկտեմբերի 5-ին, ՀՀ իշխանությունները պետք է վերջնական տեսքի բերեն նոր Սահմանադրության նախագիծը: Թերթի տեղեկություններով՝ ՀՀ իշխանությունները որոշել են ոչ մեկին չնեղացնել եւ սահմանադրական փոփոխությունների հետ կապված գրեթե բոլոր առաջարկությունները տեղ են գտնելու վերջնական փաստաթղթերում»:
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ԲՀԿ ներսում սկանդալ է սպասվում: Բանն այն է, որ ԲՀԿ-ն, որ նախկինում դեմ էր սահմանադրական փոփոխություններին՝ պատճառաբանելով, թե իրենք դեմ են այս իշխանության վերարտադրությանը, հիմա որոշում է կայացրել «կողմ» քվեարկել նոր սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու որոշման ու սատարաել «այո»-ի գործընթացին: Միայն թե Աժ ԲՀԿ խմբակցությունում ոչ բոլոր պատգամավորներն են համամիտ այդ որոշման հետ եւ ոչ բոլորն են պատրաստվում «կողմ» քվեարկել: ԲՀԿ խոսնակ
Վահան Բաբայանն էլ հայտարարել է. «Այն պատգամավորները, որոնք ունեն այլ կարծիք եւ հանդես կգան այլ տարբերակներով, կխախտեն կուսակցության վերադաս մարմնի որոշումը խախտելու դեպքում, մանավանդ պատգամավորների կողմից, այդ հարցը կքննարկվի»: