Եթե խոսքի ազատությունը վտանգված չէ, ատելության քարոզ չկա՝ ինչո՞ւ վախենալ մոնիտորինգից
Երկու օր առաջ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ հնարավոր է Հայաստանում մոնիտորինգ իրականացվի՝ երկրում իրավունքի գերակայության ապահովման, օրենսդիր և դատական իշխանությունների անկախության ապահովման, ինչպես նաև քաղաքական հետապնդումների կապակցությամբ:
Այս լուրը բավականին ջղաձիգ ընդունվեց որոշ շրջանակների կողմից, անգամ քննադատություն հնչեց Արփինե Հովհաննիսյանի հասցեին: Սակայն քաղաքական շրջանակներում կարծում են, որ որևէ արտառոց բան չի կատարվել և կառույցը ճիշտ արձագանք է տվել վերջին ամիսներին Հայաստանի ներքաղաքական իրավիճակին:
ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը VERELQ-ի հետ զրույցում նշեց, որ պետք չէ վախենալ մոնիտորինգից: Ի վերջո, եթե գտնում ենք, որ մեզանում խոսքի ազատությունը վտանգված չէ, եթե ֆեյսբուքյան ատելության քարոզը, երբ իշխանության որևէ ներկայացուցչի հասցեին թեթև ակնարկը արժանանում է գռեհիկ ու անտանելի տգեղ հարձակման իրականում ատելության քարոզ չէ, ապա ո՞րն է խնդիրը վախենալ այս մոնիտորինգից: Նրա խոսքով, եթե ՀՀ իշխանությունները գտնում են, որ ժողովրդավարության որևէ հետնահանջ, խոսքի ազատության ու մարդու իրավունքների հետ կապված խնդիր չկա, ապա առավել ևս որևէ խնդիր չի լինի, հանձնախումբը թող իրականացնի իր հետաքննությունը:
«Կարծում եմ, որ մոնիտորինգի հանձնաժողովը ճիշտ է արձագանքել այդ ահազանգին: Արփինե Հովհաննիսյանը բավականին փորձառու քաղաքական գործիչ է, նա մեծ հեղինակություն ունի ԵԽԽՎ-ում: Ինձ արդեն զանգահարել են բազմաթիվ գործընկերներ ԵԽԽՎ-ից, ովքեր ևս իրենց մտահոգությունն են հայտնել տիկին Հովհաննիսյանի բարձրացրած հարցերով»,- ասաց նա:
Նաիրա Զոհրաբյանը նաև նշեց, որ իրեն՝ որպես քաղաքացի, սկսել է անհանգստացնել այն հանգամանքը, որ վերջին շրջանում արվում են քայլեր ու գործողություններ, որոնք ուղղակի վնասում են մարդու խոսքի, մտքի և խղճի ազատությունը: Եվ ինքը, ասաց նա, այդ մասին բարձրաձայնել է նաև Երևանի ավագանու նախընտրական քարոզչության ժամանակ: Որպես վառ օրինակ նա մատնանշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթները «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի նախընտրական հավաքներում, որոնք ուղղակիորեն ու անթաքույց ուղորդում և նույնիսկ պարտադրում են երևանցիներին՝ սեպտեմբերի 23-ին գնալ և ընտրել բացառապես իրենց թեկնածուին.
«Խոսքս վերաբերում է նաև դրան, որովհետև ելույթում ես տեսնում եմ ուղղակի պարտադրանք՝ քվեարկել բացառապես ու միայն իրենց թեկնածուի օգտին»,- նշեց մեր զրուցակիցը:
Ի դեպ, Նաիրա Զոհրաբյանը արդեն իսկ իր մտահոգությունն այս առնչությամբ արտահայտել է և նաև այն կիսել իր նախընտրական հավաքների ժամանակ երևանցիների հետ: Նրա խոսքով, արդար չէ երևանցիների հանդեպ գնալ և իրենց խնդիրների մասին խոսելու փոխարեն քարոզարշավը շարունակ քաղաքական դիսկուրսի դաշտ տեղափոխելու փորձերը: