Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամը լուծարվում է: Քիչ առաջ կառավարությունը նման որոշում կայացրեց հերթական նիստում: Հարցը ներառված է կառավարության չզեկուցվող հարցերի շարքում: Համապատասխան որոշման մեջ ասվում է.
«Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամի լուծարման գործընթացը կազմակերպելու նպատակով ՀՀ Վարչապետի աշխատակազմին 2018 թվականի ինն ամսում հատկացնել 33,292.1 հազ. դրամ՝ ՀՀ 2018-ի պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» հոդվածով):
Նշենք, որ «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամի լուծարման գործընթացի կազմակերպման համար անհրաժեշտ 33,292.1 հազ. դրամ գումարը ներառում է աշխատավարձ եւ այլ վճարումներ (այդ թվում՝ օգոստոս ամսվա աշխատավարձ, աշխատանքային օրենսգրքի 130-րդ հոդվածով սահմանված աշխատակիցների աշխատանքից ազատման վերջնահաշվարկ, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 129-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված արձակման նպաստ, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 115-րդ հոդվածով սահմանված ծանուցման ժամկետների խախտման հետեւանքով վճարվելիք տույժ):
Այս հիմնադրամի հետ կապ ունի գործարար Ռուբեն Վարդանյանը: Ի դեպ այս հիմնադրամի վերաբերյալ վերջերս Մոսկվայում գործարարների հետ հանդիպման ժամանակ բանավիճեցին Ռուբեն Վարդանյանն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարդանյանը դժգոհեց, որ կառավարությունը որոշում է կայացրել դադարեցնել «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամի գործունեությունը, որին ի պատասխան Փաշինյանն ասաց, որ նման հիմնադրամները գործ չեն արել, միայն այնտեղ աշխատող մադիկ բարձար աշխատավաարձներ են ստացել»։
«Այդ կենտրոնը երկու տարի է գործում է, մինչ օրս այդ հարցի պատասխանը չի ստացվել, եթե դա ամենակարևոր հարցերից էր, բա այդ կենտրոնը ինչո՞վ է զբաղվել», - ասաց վարչապետն ու հավելեց․ «Ես վարչապետ եմ դարձել ու տեսել, որ ՀՀ-ում նախարարություններին զուգահեռ կան այլընտրանքային պետական համակարգեր՝ ԾԻԳ-եր, ՊՈԱԿ-ներ և իրականացնում են այն գործառույթները, որոնք պետք է իրակացնեն նախարարությունները: Եվ այդ մարդիկ ստանում են վարչապետից, նախագահից բարձր աշխատավարձեր, բայց երբ կանչում, հարցնում ենք՝ ի՞նչ եք արել, պարզվում է՝ ոչինչ:
Մեր պետական համակարգն ունի էլիտար և ոչ էլիտար մաս, և այդ երկուսին միավորում է մեկ բան՝ երկուսն էլ ոչինչ չեն անում: Պարզապես մի մասը ոչինչ չանելու համար բարձր աշխատավարձ է ստանում, մյուս մասը՝ ցածր: Ես ասում եմ՝ դադարեցնում ենք սա», - ասաց Փաշինյանը: