Ամերիկյան «Ստրատֆոր» (Stratfor) մասնավոր վերլուծական կենտրոնը սեպտեմբերի 15-ին մի վերլուծական է հրապարակել «Փոքր պետություններին Ռուսաստանի հովանավորության ռիսկերն ու տրամաբանությունը» վերնագրով։ Նյութի հիմնական թեզն այն է, որ Ուկրաինայից մինչև Սիրիա Ռուսաստանը փորձում է վերականգնել իր ռազմավարական դիրքերը՝ օգտագործելով չճանաչված պետությունները (կամ, Սիրիայի պարագայում, Ասադի վերահսկած տարածքը) որպես իր ազդեցության տարածման պլացդարմներ։
Ըստ հեղինակի՝ այդպիսի մի պլացդարմ է Արցախը, որի համար առանց որևէ լուրջ հիմք ներկայացնելու (այդ մասին՝ ստորև) հետևյալ սցենարն է առաջարկվում. նախ Ռուսաստանը հայ-ադրբեջանական լայնամասշտաբ ռազմական գործողություններ կհրահրի, հետո կմտցնի խաղաղապահ ուժեր, ինչից հետո կհանձնի Արցախը Ադրբեջանին, որպեսզի Ադրբեջանն իր լիակատար ազդեցության տակ ներառի։
Զարմանալի չէ, որ ադրբեջանական
Haqqin.az լրատվակայքը ոգևորությամբ է ընդունել ամերիկյան կազմակերպության այս հաջող քարոզչական «պասը», և հաջորդ առավոտ մի կարճ, բայց ամպագոռգոռ վերնագրով նյութ հրապարակել. «Ռուսաստանը Ղարաբաղ խաղաղապահներ է մտցնում»՝ ամերիկացի հեղինակի անհիմն ենթադրությունը ներկայացնելով արդեն որպես իրականացող փաստ, գրում է
Ռազմ.ինֆո-ն:
Զարմանալի է սակայն այն, որ ադրբեջանական այլ կայքերից էլ ավելի արագ՝ ընդամենը 34 րոպե հետո, ադրբեջանական կայքի նյութը շատ օպերատիվ կերպով թարգմանել ու վերահրապարակել է հայկական ընդդիմադիր լրատվակայքերից մեկը։
Փորձենք պատասխանել 3 հարցի, որը պիտի տար ցանկացած լրատվամիջոց, այսպիսի նյութ վերատպելուց և ընդհանրապես դրան լրջությամբ վերաբերվելուց առաջ։
Ի՞նչ կազմակերպություն է «Ստրատֆորը», ինչքանո՞վ է հեղինակավոր, ի՞նչ որակի կանխատեսումներ է անում։
Արդյոք այն անկա՞խ, արդյոք անկողմնակա՞լ կարծիք է արտահայտում։
Այս կոնկրետ դեպքում ինչքանո՞վ են հիմնավոր այն փաստերը, որոնց վրա Ստրատֆորը կառուցում է իր վերլուծությունը, և որքանով են տրամաբանական արված եզրակացությունները։
«Ստրատֆոր»
1996 թ. Միացյալ Նահանգներում հիմնած և ռազմաքաղաքական, տեխնոլոգիական ու տնտեսական վերլուծությունների վրա մասնագիտացող այս մասնավոր կենտրոնի եկամտի աղբյուրներն են կայքի վճարովի բաժանորդների համար հրապարակվող պարբերական վերլուծություններն ու ամփոփագրերը, ինչպես նաև զանազան պատվիրատուներին խորհրդատվության տրամադրումը։
Թեպետ ընկերությունը ներկայանում է որպես ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության կարգի բանիմաց կառույց, թեպետ այնտեղ բազմաթիվ նախկին զինվորականներ ու հետախույզներ են աշխատում ու թեպետ բավականին լուրջ գնորդներ ունի, սակայն այն հաճախ է քննադատվում մակերեսային, իսկ երբեմն ուղղակի սխալ վերլուծությունների համար։ Ինչպես բավականին կոպիտ ձևակերպել է ամերիկյան հեղինակավոր The Atlantic պարբերականի խմբագիրներից մեկը. «Ստրատֆորը ձեռառնոց է» (Stratfor is a joke)։
«Ստրատֆորի» մեկ այլ բաժանորդ գրել էր, որ տասնյակ հազարավոր դոլարներով ամերիկյան հարուստ ընկերություններին վաճառվող տեղեկությունները չեն տարբերվում The Economist ամսագրի և շարքային ընթերցողին հասանելի այլ պարբերականների տվածից՝ հավելելով. «Ստրատֆորի իրական տաղանդը կորպորատիվ Ամերիկային [իր նյութերը] մատուցել կարողանալն է»։
Մասնագիտական որակը
Ինչ վերաբերում է կանխատեսումների որակին, ապա բերենք 2005 թ. հրապարակած մինչև 2015 թ. աշխարհում սպասվելիք իրադարձությունների վերաբերյալ մի քանի կանխատեսումներ։
«Տասնամյակի կանխատեսումներ 2005–2015» վերլուծությունում կենտրոնի մասնագետները կանխատեսել էին Չինաստանում կենտրոնական իշխանության թուլացում, տնտեսական ծանր իրավիճակի պատճառով երկրում խռովություններ և, որպես հետևանք՝ Հարավ-Արևելյան Ասիայի երկրների վրա Չինաստանի ազդեցության զգալի թուլացում։ Ինչպես կարելի է տեսնել, դիտարկվող ժամանակամիջոցում Չինաստանը միայն հզորացել է։
Նույն փաստաթղթում նշվում է, որ դրանից 10 տարի առաջ իրենք կանխատեսում էին, որ մինչև 2005 թ. Ռուսաստանը «կվերադարձնի իր կայսրության կորցրած մասերը», սակայն սխալվել են։ 2000 թվականին էլ կենտրոնի մասնագետները կանխատեսել էին, որ մինչև 2010 թ. Ռուսաստանը կգրավի Մերձբալթյան երկրները և Վրաստանը։ 2005 թ. նրանք էլի էին պնդում, որ մինչև 2015 թ. Ռուսաստանը կգրավի Էստոնիան, Լիտվան, Լատվիան ու Վրաստանը։ Սակայն Մերձբալթյան երկրներն առ այսօր գրավված չեն, իսկ 2008 թ. պատերազմից հետո Մոսկվան ավելի հեռացրեց, քան մոտեցրեց Վրաստանին (հաշվի առնենք, որ Աբխազիան և Հարավային Օսիան դեռ 1990-ականների սկզբից էին փաստացի իր ազդեցության ոլորտում)։
«Ստրատֆորի» մասնագետները հավանական էին համարում մինչև 2015 թ. Հս. Կովկասի կորուստը և ընդհանրապես Ռուսաստանի փաստացի կազմաքանդումը, սակայն այս աղետալի սցենարները նկարագրելուց հետո՝ իրենք իրենց հակասելով, գրում են. «Մենք հավատում ենք, որ [ի վերջո] Ռուսաստանը կպահպանի կամ կվերականգնի իր տարածքային ամբողջականությունը՝ դառնալով հակաարևմտյան աշխարհաքաղաքական ուղի ընտրած խոշոր խաղացող»։
Նշենք նաև, որ ընկերության վերլուծաբանները բացարձակապես չեն կանխատեսել «Արաբական գարնան» պես մասշտաբային իրադարձություն, միաժամանակ քիչ հավանական էին համարում, որ Իրանը կփորձի Իրաքի շիաների հետ սերտորեն համագործակցել (իրականում՝ այսօր Իրանը ոչ միայն համագործակցում է, այլև իրանական սպաներն ու զինվորները կռվում են Իրաքում «Իսլամական պետության» զինյալների դեմ)։
Այսպիսով՝ չնայած ինքնագովազդին և հանրաճանաչ անվանը, «Ստրատֆորը» դժվար է անվանել ռազմաքաղաքական վերլուծությունների ոլորտի հեղինակավոր ու ճշգրտության բարձր աստիճանով կանխատեսումներ անող կառույց։
Անկա՞խ «Ստրատֆոր»
Կազմակերպության ներքին խոհանոցի մասին հետաքրքիր մանրամասնություններ հայտնի դարձան, երբ իր ներքին նամակագրությունը հաքերների շնորհիվ հայտնվեց հանրաճանաչ Wikileaks կայքում։
Սակայն նույնիսկ եթե չլիներ այդ արտահոսքը, կոնկրետ ղարաբաղյան հակամարտության հարցում «Ստրատֆորի» կողմնակալությունն անթաքույց է. կազմակերպության հիմնադիր ու ղեկավար Ջորջ Ֆրիդմանը վերջին տարիներին մի քանի անգամ այցելել է Ադրբեջան, այդ ընթացքում ելույթ ունեցել երկրի նախագահ Իլհամ Ալիևին կից Ռազմավարական հետազոտությունների կենտրոնում, առնվազն երկու անգամ հանդիպել է անձամբ Ալիևին (1 և 2), ում պաշտոնական կայքում ևս մի քանի հղում կա «Ստրատֆորի» և Ֆրիդմանի հեղինակած նյութերին։
Այսպիսով անհերքելի է, որ կենտրոնը սերտ ու բարիդրացիական կապեր ունի Ադրբեջանի ղեկավարության հետ։
Փաստեր թե՞ բամբասանք
Ադրբեջանի հետ սերտ կապերը քննարկելը գուցե և իմաստ չունենար, եթե անկախ Ալիևի վարչակարգի հետ հարաբերություններից «Ստրատֆորն» արտադրեր անկողմնակալ՝ ստույգ փաստերի վրա հիմնվող, վերլուծություններ։ Այնուամենայնիվ, ռուսաստանյան խաղաղապահների միջոցով Արցախն Ադրբեջանին հանձնելու վերոհիշյալ կանխատեսման տեքստում միակ հստակ նշված աղբյուրը… Հայաստանում տարածվող բամբասանքներն են։
Բառացիորեն. «… Հայաստանի բամբասանքների ջրաղացը բզզում է ենթադրություններից այն մասին, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը համաձայնություն են մշակում, համաձայն որի ռուսաստանյան խաղաղապահները կզբաղեցնեին ու կչեզոքացնեին այդ տարածքը» (Armenian rumor mill has been buzzing with speculation that Russia and Azerbaijan are developing an understanding that would have Russian peacekeepers occupy and neutralize the territory)։
Այո, այս սենսացիոն կանխատեսման միակ հստակորեն մատնանշած աղբյուրը հայկական (ընդ որում պարզ չէ, թե հայկական կոնկրետ որ շրջանակներում քննարկվող) ասեկոսեներն են։
Կասկածից վեր է, որ Հայաստանում կգտնվեն մարդիկ, ում աշխարհահայցքի վրա «Կիկոսի մահը» հեքիաթն անջնջելի տպավորություն է թողել։ Մեծ հաշվով չի զարմացնում նաև այն, որ ամերիկյան ինչ-որ կազմակերպություն օգտագործում է կիկոսյան «վերլուծական մոդելը» որպես ակնհայտորեն քարոզչական բնույթի «կանխատեսման» հիմք, իսկ ադրբեջանական կողմն էլ սկսում է այդ քարոզչությունը տարածել։
Այս պարագայում մեզ մնում է միայն զինվել մեդիագրագիտության տարրական հմտություններով ու փորձել ինքնուրույն հասկանալ, թե որտեղից և ինչպես են ծնվում ու տարածվում նմանատիպ «սենսացիաները»։