23.11.2024
Բայց Քոչարյանը ինչպե՞ս է գալու. Գագիկ Ծառուկյանը՝ քաղաքական ապագա ծրագրերի մասին
prev Նախորդ նորություն

Մամուլ. Պաշտոնն ու շատախոսությունը, պետությունն ու «լայվերն» անհամատեղելի են

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. ««Ես ի սկզբանե ասել եմ, որ ճիշտ չեմ համարում ԱԱԾ–ի հրապարակային աշխատանքը։ Սակայն սկզբնական շրջանում, ստեղծված իրավիճակից ելնելով, հետաքրքրությունը շատ մեծ էր, եւ հրապարակայնությունը շատ էր։ Կամաց-կամաց, սիրելի լրագրողներ, սովորեք, որ այսուհետ շատ քիչ եմ ինտերվյու տալու։ Գործերի մասին ասելու եմ, բայց՝ թույլատրելի սահմաններում»,- երեկ ասել է ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը։ Հայտարարությունը չնայած մեր՝ լրագրողներիս շահերից չի բխում, բայց ուրախացնող է․ կնշանակի՝ բարձր պաշտոն զբաղեցրած անձինք կամաց սկսում են հասկանալ իրենց պատասխանատվությունը եւ գիտակցել, որ պաշտոնն ու շատախոսությունը, պետությունն ու «լայվերն» անհամատեղելի են։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սեպտեմբերի 8-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ: Մոսկվայում նախատեսված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Հատկանշական է փաստը, որ ՀՀ վարչապետի` ՌԴ այցը հաջորդում է մեկ շաբաթ առաջ Վլադիմիր Պուտին-Իլհամ Ալիեւ հանդիպմանը: Ինչպես հայտնի է` սեպտեմբերի 1-ին Պուտինն ու Ալիեւը Մոսկվայում հանդիպման ժամանակ մտքեր են փոխանակել նաեւ ԼՂ հակամարտության հետ կապված: Ենթադրվում է` այս թեմային անդրադարձ կլինի նաեւ Պուտին-Փաշինյան հանդիպմանը: Ասել է, թե ԼՂ հիմնախնդրի կարգավորման թեման կամաց-կամաց վերադառնում է օրակարգ: Ու թեեւ դեռ Փաշինյան-Ալիեւ հանդիպում չի նշմարվում, բայց եւ ակնհայտ է, որ ՌԴ-ն այս հարցում ձեռքերը ծալած չի նստելու` փորձելով, այնուամենայնիվ, գործընթացն առաջ մղել: Պուտին-Փաշինյան հանդիպման օրակարգի հիմնական խնդիրներից մեկն էլ, ենթադրվում է, լինելու են հայաստանյան ներքաղաքական զարգացումները, մասնավորապես մարտի 1-ի քրեական գործը, դրա շրջանակներում մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձանց, այդ թվում` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրելը: Ու թեեւ նախօրեին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել էր` այդ ամենը Հայաստանի ներքին գործն է, իսկ իրենք ցանկանում են, որ «այդ ներքին գործերը մնան օրենքի եւ Սահմանադրության ամուր հիմքի վրա», այնուամենայնիվ, ակնհայտ է` ռուսական կողմն այնքան էլ գոհ չէ ՀՀ-ում կատարվող իրավիճակից: Եւ այս առումով Փաշինյանի եւ Պուտինի հանդիպումը հեշտ չի լինելու: Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը, երեկ անդրադառնալով Քոչարյանի ծննդյան օրը Պուտինի շնորհավորանքին, ասել է. «Ընդհանրապես, հասցնելով ճանաչել ՌԴ նախագահին, ես կարող եմ ասել, որ ինքը մարդկային կապերը շատ է գնահատում եւ պահպանում է աշխարհի տարբեր երկրների ներկա եւ նախկին ղեկավարների հետ»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունը նշանակված է սեպտեմբերի 22-ին։ Երեկ հայտնի դարձավ, որ Հայաստանի առաջնությանը մասնակցող բոլոր ակումբները ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել են ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի թեկնածությունը։ Տեղեկություն կա, որ Նիկոլ Փաշինյանը մտադիր է ֆեդերացիայի գործադիր կոմիտեն յուրայիններով համալրել: Մեզ հայտնի դարձավ, որ մասնավորապես կներկայացվի Արեն Մկրտչյանի թեկնածությունը, ով ժամանակին սպորտային մեկնաբան է աշխատել, իսկ հիմա վարչապետի կոռուպցիայի հարցերով օգնականն է։ Արեն Մկրտչյանը մեզ հետ զրույցում մեկնաբանելով այդ լուրը՝ ասաց․ «Այդ մասին դեռ որեւէ պաշտոնական տեղեկություն չկա հրապարակված, երբ հրապարակվի, դուք կիմանաք»։ Այսինքն՝ չի՞ բացառում, որ գործկոմի անդամ կդառնա։ «Միգուցե լինի, միգուցե՝ ոչ, սպասեք եւ կտեսնեք»։ Տեղեկացնենք, որ ՀՖՖ նախագահի ընտրության օրը ընդհանուր ժողովը նաեւ կընտրի գործադիր կոմիտե, որի անդամության թեկնածուներին առաջադրում են ՀՖՖ ակումբները։ Հիշեցնենք, որ 2002-ից ՀՖՖ-ն ղեկավարում է Ռուբեն Հայրապետյանը, իսկ ներկա գործկոմի կազմը 15 անդամից է բաղկացած․ կազմում են Սամվել Ալեքսանյանը, Տարոն Մարգարյանը, Հրայր Թովմասյանը, Վիկտոր Դալլաքյանը, Սուքիաս Ավետիսյանը եւ նախկին իշխանության հետ առնչություն ունեցող այլ անձինք։


«Փաստ» օրաթերթը գրում է. Երևանի ավագանու ընտրություններն էլ «կանցկացնի» ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: Չնայած իշխանափոխությունից հետո շատերն էին պահանջում նրա հրաժարականը, սակայն նա համառորեն շարունակում է պաշտոնավարել: Մեր ունեցած տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը սկզբունքորեն դեմ չի եղել, որ փորձառու Մուկուչյանը շարունակի պաշտոնավարել, սակայն պայմանով, որ Երևանի ավագանու ընտրությունները յուրօրինակ փորձաքար են նրա ու ԿԸՀ մյուս անդամների համար: Եթե ընտրություններն ընթանան «նոր ժամանակների» պահանջներին համապատասխան, արտահերթ խորհրդարանական ընտրություններն էլ կվստահվեն Մուկուչյանին: Հակառակ պարագայում վերջինս հրաժարական կներկայացնի: Ու չնայած տարածքային հանձնաժողովներում մեծամասնություն են կազմում ՀՀԿ–ականները, այս օրերին Մուկուչյանը ջանք ու եռանդ չի խնայում, որ իրեն «պադվադիտ» չանեն: Հետաքրքիր է նաև ԿԸՀ կայքում տեղադրված սոցիալական գովազդը՝ «Իմ ձայնը չի վաճառվում: Ոչ ընտրակաշառքին»: Մեղմ ասած՝ տարօրինակ է նման բովանդակությամբ գովազդ տեսնել հենց ԿԸՀ կայքում: Այսինքն, ԿԸՀ–ն հաստատում է, որ նախկինում այդպե՞ս է եղել...


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գաղտնիք չէ, որ խորհրդարանական կամ ավագանու ընտրությունների ժամանակ տեղամասային ընտրական հանձնաժողովներում նախագահի պաշտոնը զբաղեցրել են դպրոցների, մանկապարտեզների տնօրենները, որոնք հիմնականում առաջադրվում էին ՀՀԿ-ի կողմից: Եւ այս տարիների ընթացքում վերջիններս մեծ պատրաստակամությամբ են իրականացրել իրենց առջեւ դրած խնդիրը` ՀՀԿ օգտին ապահովելով քվեներ, իհարկե, կամ անձամբ դիմելով ընտրակեղծիքի կամ աչք փակելով կեղծիքների վրա: Սակայն թավշյա հեղափոխությունից հետո իրավիճակ է փոխվել: Երեւանի ավագանու ընտրություններին ընդառաջ սկսվել է ընտրատեղամասերում հանձնաժողովի անդամների, նախագահների կազմակերպման գործընթացը: Եւ ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, մի շարք դպրոցների կամ այլ կրթօջախների ՀՀԿ-ական տնօրեններ, որոնք նախկինում եղել են հանձնաժողովի նախագահներ, հրաժարվում են ստանձնել այդ պաշտոնը: Մի կողմից` ՀՀԿ-ն թեկնածու չունի, մյուս կողմից` նրանք վախենում են, որ ընտրախախտում կանեն ու կհայտնվեն ճաղավանդակներից այն կողմ»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեւանի ավագանին ունի 65 անդամ։ Անգամ եթե որեւէ կուսակցություն ենթադրում է, որ ինքը կարող է առավելագույն ձայներ տանել, օրենքը պարտադրում է, որ եւս 2 ուժ՝ անկախ իրենց ձայներից, տեղ զբաղեցնեն ավագանիում, ինչը նշանակում է, որ ամենահաղթական կուսակցությունն անգամ նախընտրական ցուցակը կազմելիս կարող է մի 40-50 թեկնածու ներկայացնել։ Բայց «շատ լինի, քիչ չլինի» տարբերակով, մեր կուսակցությունները ճոխ ընտրացուցակներ են ներկայացրել ԿԸՀ։ Նվազագույն ցանկ ներկայացրել է Ռեֆորմիստների կուսակցությունը՝ 29 անուն, առավելագույն քանակ ներկայացրել է ԲՀԿ-ն՝ 195 թեկնածու, «Իմ քայլը»՝ 170, «Լույսը»՝ 112, ՕԵԿ-ը՝ 116։ Պարզ է, որ սա նախ հոգեբանական դեր է կատարում՝ իբր մենք հզոր ենք եւ շատ։ Բայց հավակնորդները, հատկապես Փաշինյանի թիմը, կարծում են, որ իրենք 40 եւ ավելի տոկոս ձայն են հավաքելու, ինչի արդյունքում իրենց ցուցակի առաջին համարները՝ Հայկ Մարությանը կամ Նաիրա Զոհրաբյանը, միանգամից դառնալու են քաղաքապետ, եւ ցուցակից մեծ թվով մարդիկ՝ ցուցակի առջեւի հատվածից, պաշտոններ են ստանալու, որի արդյունքում մանդատը վայր են դնելու, եւ առաջ են գալու ցուցակի հետեւի հորիզոնականներում տեղ զբաղեցնողները։ Երեւանի մասին օրենքի 14 հոդվածն ասում է, որ ավագանու անդամը «չի կարող միաժամանակ` 1) աշխատել քաղաքապետարանի կամ որեւէ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում, լինել Երեւանի ենթակայության կազմակերպությունների ղեկավար, 2) լինել վարչական շրջանի ղեկավար, 3) աշխատել ոստիկանությունում, Ազգային անվտանգության ծառայությունում, լինել դատավոր, Սահմանադրական դատարանի դատավոր, զինծառայող, դատական ծառայող, դատախազության մարմիններում ծառայող»։ Այսինքն՝ վարչական շրջանում պաշտոն ստանալու դեպքում անձը պարտավոր է 1 շաբաթում հրաժարվել ավագանու անդամությունից։


«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդին՝ Արման Սահակյանը, լծվել է ԲՀԿ ավագանու ցուցակի համար ձայներ ապահովելու գործին: Աջափնյակում ՀՀԿ-ի նախկին ակտիվիստները և շտաբի պետերը նույն ակտիվությամբ շտաբներ են բացում ԲՀԿ-ի համար: Հիշեցնենք, որ Արման Սահակյանը և ԲՀԿ ավագանու ցուցակի առաջին համար Նաիրա Զոհրաբյանը խնամիներ են»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է` ՀՔԾ-ում եւս մեկ քրեական գործ է հարուցվել մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ` կապված այդ օրը լուսադեմին Ազատության հրապարակում նստացույցի մասնակիցների նկատմամբ ոստիկանական բռնությունների հետ: Մարտի 1-ի դեպքերից հետո` մինչեւ 2011թ., ՀՀ ոստիկանապետի պաշտոնը զբաղեցրեց այսօր ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալիկ Սարգսյանը: Եւ «Ժողովուրդ» օրաթերթը նրանից հետաքրքրվել է` արդյո՞ք իրեն հրավիրել են ՀՔԾ հարցաքննության: Սակայն նա այդպես էլ հստակ պատասխան չի տվել. «Ի՞նչ կարեւոր է` ինձ կանչել են, թե չեն կանչել: Եթե ինձ հետ կապված հարցեր են լինում, ես պարզաբանումներ անում եմ»: Ինչ վերաբերում է մարտի 1-ի լուսադեմին կատարվածին, այնուհետեւ ոստիկանական բռնությունները թաքցնելու նպատակով կեղծ փաստաթղթեր սարքելուն, Սարգսյանն ասել է, թե այդ ամենն իր օրոք չի եղել: «Տեղյակ չեմ` ինչ կեղծ փաստաթղթերի մասին է խոսքը: Վերջապես անցել է 10 տարի: Ես ինչպե՞ս կարող եմ հիշել` ինչ փաստաթղթեր եմ կարդացել այդքան ժամանակ առաջ»: 


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նախկին իշխանությունից ոմանք թեթեւացած շունչ են քաշում, երբ պարզվում է, որ իրենց նկատմամբ ոչ թե քրեական գործեր են հարուցվելու՝ կալանքով-դատ ու դատաստանով, այլ ընդամենը ակնկալում են բյուջե գումար վճարել։ Օրինակ, Մհեր Սեդրակյանի գազալցակայանի մասին տարիներ շարունակ գրվել է, որ «լեւի» գազով է աշխատում, սակայն ՊԵԿ ստուգումների արդյունքում նրա նկատմամբ տուգանք է սահմանվել՝ 15 մլն դրամ, ինչը նա սիրահոժար պատրաստ է վճարել։ Մյուսը «Սպայկա» ընկերությունն է, որի հետ կապված երեկ ՊԵԿ-ը հաղորդագրություն տարածեց․ «ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի հատկանիշներով քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ընկերության կողմից ինքնուրույն հաշվարկվել են թերհայտարարագրված հարկային պարտավորությունները եւ դրանց վերաբերյալ հարկային մարմին են ներկայացվել ճշգրտված հաշվարկներ: Քրեական գործով որոշում է կայացվել ՍՊԸ-ի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել»: Չնայած քրեական հետապնդում կարող են իրականացնել ֆիզիկական անձի, այլ ոչ թե ընկերության նկատմամբ, բայց ուզում են ասել՝ քանի որ վճարել է գումարը՝ մոտ 1 միլիարդ դրամի չափով, չենք բռնելու»։


«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը միանում է «Ալյանս» կուսակցությանը և պատրաստվում մասնակցել առաջիկա ԱԺ ընտրություններին։ «Ժամանակ»-ի հետ զրույցում Ախոյանը նշեց, որ նոր կուսակցություն բացելու կարիք չկա. «Կա «Ալյանս» կուսակցությունը, որը բացել է Տիգրան Ուրիխանյանը, և մենք պատրաստվում ենք միասին մասնակցել ընտրություններին։ Իսկ թե էլ ով կմիանա, էլ ով մեզ հետ հնարավոր համագործակցության ձեռք կմեկնի կամ հակառակը, դա արդեն հետագան ցույց կտա, որովհետև ունենք բազմաթիվ առաջարկներ: Հիմա ձևավորվում է թիմը, կհզորացնենք, մեր կառույցները կմիացնենք, բավականին նոր դրույթներ կընդգրկենք, որոնք, կարծում եմ, նորություն կլինեն մեր հասարակության համար, և կփորձենք մեր ազգի մատից փուշ հանել»,- նշեց Ախոյանը»։