23.11.2024
Եթե չհաղթեմ՝ առաջինը կշնորհավորեմ Երևանի քաղաքապետի հաղթած թեկնածուին. Զոհրաբյան
prev Նախորդ նորություն

Բայց Քոչարյանը ինչպե՞ս է գալու. Գագիկ Ծառուկյանը՝ քաղաքական ապագա ծրագրերի մասին

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը համաձայն չի այն ձևակերպման հետ, թե Ռոբերտ Քոչարյանը վերադառնում է քաղաքականություն:


Մասնավորապես, լրագրողների հարցին, թե եթե Քոչարյանը վերադառնա, ո՞ւմ հետ է Ծառուկյանը համագործակցելու՝ Նիկոլ Փաշինյանի, թե Ռոբերտ Քոչարյանի, նա արձագանքեց.


«Բայց Քոչարյանը ինչպե՞ս է գալու, ուզում եմ մի հատ հասկանամ: Թող մասնակցի ընտրություններին, կտեսնենք ով, ինչ կտանի: Ինչի՞ մասին է խոսքը: Ես ասում եմ՝ այսօր իմ գործընկերների հետ եմ,  համագործակցում ենք, աշխատում ենք, ուզում ենք մեր ծրագրերն իրականություն դարձնել: Այսօր իշխանության հետ համագործակցում ենք, հարաբերությունները շատ լավ են, ջերմ են: Եթե թիմերում լինելու են որոշակի խոչընդոտներ, մենք դա հարթում ենք»,-ասաց Գագիկ Ծառուկյանը:


Նա նաև խորհուրդ տվեց շատ առաջ չընկնել, սպասել խորհրդարանական արտահերթ ընտրություններին, քանի որ հիմա շատ շուտ է խոսել այն մասին, թե որ ուժը որի հետ կոալիցիա կկազմի. «Սպասեք մասնակցենք, որ կոալիցիա կազմենք: Այսօր ամեն մեկս էլ մասնակցում է, տեսնենք ինչ է լինելու»:


Ծառուկյանը նաև մտավախություն չունի գործող իշխանությունների ստուգումներից, որ անցկացվում են իրեն պատկանող ընկերություններում: Նա նշեց, որ կառույցները ստուգում են արդեն 10 տարի եւ որեւէ անգամ չեն կարողացել որեւէ բան գտնել: Նաև հիշեցրեց այն, որ 2015 թվականին այն ժամանակ գործող իշխանությունը իր համախոհներից 639 հոգու կալանավորեց, «մասկեքով ու ավտոմատներով իրկառույցները 1,5 տարի ստուգեց, ինչի՞ համար»:


Անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններին, Գագիկ Ծառուկյանն ասաց, որ եթե երևանցին իրենց տա վստահության քվեն, ապա հաջորդ իր օրվանից անցնելու են իրենց ծրագրերը կյանքի կոչելու աշխատանքներին: Ի թիվս շատ խնդիրների, որ հուզում են երանցուն, նա մատնանշեց վերելակների, բնակելի շենքերի կառուցման խնդիրը, քանի որ մայրաքաղաքում, ըստ նրա, ոչ թե բնակարանաշինության ծրագրեր, այլ բիզնես պրոեկտներ են իրականացվում:


Ինչ վերաբերում է Երևանի քաղաքապետի իրենց թեկնածուին, ապա ԲՀԿ նախագահը նշեց, որ պատահական թեկնածու չեն առաջադրել՝ Նաիրա Զոհրաբյանը պատրաստված է, բոլորը ճանաչում են նրան, անցած տարիների ընթացքում տեսել են նրա աշխատանքը երկրի ներսում եւ դրսում.


«Նա միշտ պատրաստ է քաղաքացու կողքը լինել, գիշերվա 3-4-ին էլ զանգեք՝ նա պատրաստ է քաղաքացու կողքը կանգնել: Մեզ մնում է միայն ներկայացնել մեր ծրագրերը, աշխատանքները»,- հավելեց Գագիկ Ծառուկյանը: