Ընտրակաշառք տալը կամ վերցնելը քրեականացնելու է. կառավարությունը հաստատեց որոշման նախագիծը
Հայաստանի կառավարությունը օգոստոսի 30-ի նիստում հավանություն է տվել ընտրակաշառք տալը կամ վերցնելը քրեականացնելու որոշման նախագծին: Նախագիծը պետք է հաստատի ԱԺ-ն:
Ընդ որում, կաշառք տալու կամ վերցնելու համար կսահմանվի ոչ միայն տուգանք, այլ նաև ազատազրկում:
«Նախատեսվում է խստացնել պատասխանատվությունը ընտրակաշառքի համար և վարչական իրավախախտումների օրենսգրքից տեղափոխել քրեական օրենսգիրք՝ նախատեսելով դրա համար ոչ միայն տուգանք, այլև ազատազրկում», - ասել է նախագիծը ներկայացնող ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:
Ըստ նախագծի, թեկնածուներից, կուսակցություններից որևէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու կամ ընտրություններին մասնակցելու կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու կամ մեկից ավելի անգամ քվեարկելու կամ այլ անձի փոխարեն քվեարկելու պայմանով անձամբ կամ միջնորդի միջոցով իր կամ այլ անձի համար կաշառք ստանալը, այսինքն` դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որևէ այլ առավելություն ստանալը, պահանջելը, խնդրելը կամ կաշառքի առաջարկը կամ խոստումն ընդունելն այսուհետ կպատժվի տուգանքով` նվազագույն աշխատավարձի 500-պատիկից 700-պատիկի չափով, կամ ազատազրկմամբ` մեկից 3 տարի ժամկետով:
Կաշառք ստացող անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե մինչև իրավապահ մարմիններին կատարված հանցանքի մասին հայտնի դառնալը, բայց ոչ ուշ, քան հնգօրյա ժամկետում, կաշառք ստանալու մասին կամավոր հայտնել է իրավապահ մարմիններին և աջակցել հանցագործությունը բացահայտելուն: Միևնույն ժամանակ թեկնածուների, կուսակցությունների կողմից նույն նպատակով և եղանակներով կաշառք տալը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհազարապատիկից չորսհազարապատիկի չափով կամ ազատազրկմամբ` երեքից հինգ տարի ժամկետով:
Օրինագծով ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական կազմակերպություններին, կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին), ինչպես նաև հանրաքվեի ժամանակ քարոզչության կողմերին հնարավորություն է տրվում առանց իրավասու ընտրական հանձնաժողովին դեմելու միանգամից դիմելու վարչական դատարան՝ զանցանքը գործած անձանց վարչական պատասխանատվության կանչելու պահանջի մասին հայցադիմումով: