Փաշինյան․ Մարտի 1-ի բոլոր ոճրագործները պետք է կանգնեն պատասխանատվության առաջ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն կառավարությունում հանդիպել է Մարտի 1-ի զոհերի հարազատներին:
«Այս ընթացքում նման հանդիպում ունենալը միշտ էլ իմ օրակարգում եղել է, ուղղակի ես ցանկացել եմ, որ հանդիպենք մի պայմաններում, երբ շատ կոնկրետ արդյունքներ կունենանք Մարտի 1-ի գործի բացահայտման առումով: Կարծում եմ՝ վերջին ամիսներին Մարտի 1-ի գործի բացահայտումը բավականաչափ առաջ է ընթացել, և օգոստոսի 17-ի հանրահավաքում ես հայտարարեցի, որ, ըստ էության, բացահայտված եմ համարում ընդհանուր առմամբ Մարտի 1-ի գործը. մնում է ապահովել պայմաններ, որ այդ բացահայտումը հասնի իր բոլոր մանրամասներին և վերաբերի բոլոր դետալներին՝ այդ թվում նաև կոնկրետ սպանություններ իրականացնողներին և կոնկրետ հանգամանքներին", - ասաց նա:
Փաշինյանի խոսքով՝ նա նախաքննության ողջ ընթացքին և ծավալներին տեղյակ չի և կարող է հետևություններ անել այն հայտարարություններից, որ հնչեցրել է Հատուկ քննչական ծառայության պետը:
"Եվ կարծում եմ՝ այդ հայտարարությունները հույս են տալիս, որ մենք ամբողջական, բոլոր մանրամասներով բացահայտումներ կունենանք: Ավելորդ է ասել, որ Մարտի 1-ի գործի բացահայտումը մեր կառավարության համար, ինձ համար և Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու համար պատվի և քաղաքացիական արժանապատվության խնդիր է, և որևէ կասկած չկա, որ Մարտի 1-ի բոլոր ոճրագործները պետք է կանգնեն պատասխանատվության առաջ՝ անկախ այդ ոճրագործների անուն-ազգանուններից, ներկայում կամ անցյալում զբաղեցրած պաշտոններից և ունեցած կարգավիճակից», - շեշտեց նա:
Մարտի 1-ի զոհերի հարազատները համոզմունք են հայտնել, որ թավշյա հեղափոխությունը և երկրում տեղի ունեցող փոփոխությունները հնարավորություն կտան լիարժեք բացահայտել Մարտի 1-ի գործը և կառուցել նոր Հայաստան: