Մինչև 2020-ը Հայաստանում կկառուցվեն 100 մգվտ հզորությամբ արևային կայաններ
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը առաջարկություն կներկայացնի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, որպեսզի մինչև 2020 թվականի հունվարի 1-ը երկրում 100 մեգավատ հզորության արևային կայաններ կառուցվեն: Այս մասին օգոստոսի 29-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը:
«100 մեգավատ հզորությամբ արևային կայանների կառուցումը պայմանավորել ենք հետևյալ ձևաչափով. մինչև 5 մեգավատ տեղակայվող կայանների համար կսահմանվի բնական ջրահոսքերի վրա կառուցված ՀԷԿ-երից առաքվող էլեկտրաէներգիայի սակագնին հավասար սակագին, որը կազմում է մոտավորապես 23,8 դրամ՝ առանց ԱԱՀ-ի և 5 մեգավատ և ավել հզորությունների դեպքում նախարարության կողմից կուսումնասիրվեն ընկերություններից առաջարկված իրենց փաթեթները և կտրվի համապատասխան հնարավորություն», - ասաց նախարարը:
Նախարարությունը կնքել է «Մասրիկ 1» արևային կայանի կառուցման վերաբերյալ համաձայնագիր, որը հնարավորություն է ընձեռնում արտասահմանյան կազմակերպությանը իրականացնել նախագծման, կառուցապատման և ֆինանսավորման աշխատանքները: