VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նախ «Զվարթնոց» օդանավակայանը, ապա ՎիվաՍել-ՄՏՍ-ը եւ «Նաիրի» բժշկական կենտրոնը հայտարարեցին, որ Ռոբերտ Քոչարյանն իրենց մոտ բաժնեմաս չունի։ Մեր տեղեկություններով, այս հայտարարությունները զայրացրել են գործող իշխանություններին, եւ նրանք հակաքայլեր են մտածում։ Մոտ օրերս՝ հավանաբար որեւէ խողովակով, կհրապարակեն Քոչարյանի ողջ ունեցվածքի ցանկը, որը հերքելը բարդ կլինի։ Բացի այդ, աշխատանքներ են տարվում նրա շրջապատի ուղղությամբ, մասնավորապես՝ հնարավոր է քրեական գործեր հարուցվեն այն մարդկանց նկատմամբ, ովքեր այսօր նրա կողքին են, եւ հատկապես վերջին հարցազրույցում նրա մատնանշած անձի՝ մաքսայինի նախկին պետ Արմեն Ավետիսյանի անցյալն են «փորփրում»։ Ի դեպ, Քոչարյանը հարցազրույց է տվել ռուսական NTV ալիքին, եւ այն այսօր երեկոյան եթեր է գնալու»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հուլիսի 2-ի որոշմամբ` Հայաստանի եւ Եվրոպական Միության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկումն ապահովելու նպատակով միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ որոշում էր կայացվել: Այդ հանձնաժողովի նախագահ էր նշանակվել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Սակայն պարզվում է, որ այդ հանձնաժողովը հուլիսի 2-ից մինչեւ հիմա անգամ նիստ չի գումարել: Ասել է թե` 2018 թվականի հունիսի 1-ից ուժի մեջ մտած Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի դրույթներով պայմանավորված որեւէ բարեփոխման մեկնարկ կառավարության մակարդակով դեռ տրված չէ: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց հանձնաժողովի ղեկավար Մհեր Գրիգորյանից պարզել, թե ինչու նիստ մինչ այժմ չի գումարվել, եւ ինչ աշխատանքներ են կատարվել: Փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Արտակ Բարսեղյանը մեր հարցին ի պատասխան հայտնեց, թե հանձնաժողովի անդրանիկ նիստը կանցկացվի այս շաբաթվա ընթացքում: Նիստերը նախատեսվում է անցկացնել, որպես կանոն, շաբաթական մեկ անգամ»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սերժ Սարգսյանի խնամին՝ «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արա Մինասյանը, դատի է տվել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Մինասյանը Թորոսյանի դեմ օգոստոսի 24-ին դատական հայց է ներկայացրել՝ պահանջելով, որ նախարարը հրապարակայնորեն ներողություն խնդրի եւ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքի: Այս գործը քննելու է դատավոր Սարգիս Երիցյանը: Բանն այն է, որ հուլիսի 27-ին նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել էր, որ աշխատանքից հեռացնում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ղեկավար Արա Մինասյանին, քրեաիրավական բնույթի մեղադրանքներ ներկայացրեց ոչ միայն Արա Մինասյանի, այլեւ բժշկական կոլեկտիվի հասցեին: «Մարդիկ, որոնք մասնակցել են կեղծիքին, հիմա ցույց են անում: Ո՞նց չասես: Սա կազմակերպված հանցավորություն է, ու այդ բանդայի մի մասը ցույց է անում, որ բանդայի պարագլուխը չզրկվի աթոռից: 99 տոկոս վստահ եմ, որ կան քրեական տարրեր, քանի որ գումարները շորթվել են պետությունից»,- ասել էր նա: Հավանաբար այս արտահայտություններն էլ առիթ են դարձել, որ Մինասյանը դիմի դատարան: Ի դեպ, մեր տեղեկություններով, այս օրերին Մինասյանը բացակայում է ՀՀ-ից»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մենք ժամանակին գրել ենք Տեղեկատվության եւ գրահրատարակչության կոմիտեի հաշվապահի «հերոսությունների» մասին․ մոտ 2 տարի առաջ նա մեծ գումարներ էր փոխանցել անհայտ ուղղությամբ, ապա արձակուրդ վերցրել ու անհետացել։ Այդ օրերին նոր նշանակված պետը՝ Վաչիկ Սարգսյանը, ով փոխարինել էր Էդվարդ Միլիտոնյանին, սպասել էր մինչեւ հաշվապահի արձակուրդի ժամկետը լրանա եւ դիմել էր իրավապահներին։ Դեպքով քրեական գործ էր հարուցվել եւ հետախուզում հայտարարվել։ Երեկ տեղեկացանք, որ հաշվապահը հայտնաբերվել է՝ նրան ձերբակալել են Մոլդովայում եւ շուտով կտեղափոխեն Հայաստան»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հանդիպումը: Նախաձեռնողը եղել է հենց Բաբլոյանը, որ մինչ այդ՝ օգոստոսի 20-ին, հանդես էր եկել հայաստանյան ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ հայտարարությամբ: Հատկանշական է փաստը, որ երեկվա հանդիպման մասին պաշտոնական հաղորդագրություն տարածել էր միայն ԱԺ-ն, մինչդեռ ո՛չ կառավարության, ո՛չ վարչապետի կայքում այդ մասին չկար որեւէ տող: Փաշինյանն ԱԺ նախագահի հետ հանդիպման մասին չի գրել անգամ ֆեյսբուքյան իր էջում: Կարելի է ենթադրել, նա պարզապես չի կարեւորել տեղի ունեցածը: Փոխարենը, ԱԺ հաղորդագրության մեջ մանրամասներ կան հանդիպման ժամանակ քննարկված հարցերի վերաբերյալ: Մասնավորապես, օրենսդիր եւ գործադիր մարմինների ղեկավարները մասնավորապես արձանագրել են. «եթե քաղաքական քննարկումների արդյունքում կողմերը գտնեն, որ կա անհրաժեշտություն «անցումային արդարադատության» ինստիտուտի, ապա դա պետք է իրականացվի Սահմանադրության եւ համապատասխան օրենսդրական դաշտի փոփոխություններով եւ միեւնույն ժամանակ որեւէ կերպ չվնասի արդարադատությանը»: Նաեւ խոսք կա առավելագույնը մեկ տարվա ընթացքում ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման մասին. դրույթ, որն ամրագրված է նաեւ ԱԺ կողմից 07.06.2018 թվականին հավանության արժանացած Կառավարության ծրագրում, եւ որի մասին հիշատակվել է նաեւ Փաշինյան-Բաբլոյան հանդիպման ժամանակ: Ու պետք է արձանագրենք. երեկվա հանդիպմամբ, ԱԺ ՀՀԿ-ական նախագահն ինքը եւս մեկ անգամ փաստել է, որ խորհրդարանը համաձայն է արտահերթ ընտրությունների անցկացմանը, անգամ այդ նպատակով սահմանադրական փոփոխություններ կատարելուն: Պարզապես հիմա այդ ուղղությամբ պետք է լայն քննարկումներ ընթանան: Մինչ այդ, սակայն, հետաքրքիր է` արդյոք խորհրդարանական մյուս ուժերը՝ ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն, լինելով Փաշինյանի կառավարության կազմում, շարունակո՞ւմ են պահանջել արտահերթ ընտրությունների անցկացում, թե՞ նրանց համար այդ սցենարն այլեւս անցանկալի է, եւ կփորձեն ընդդիմանալ այդ հեռանկարին»: