24.11.2024
Աշխատանքից ազատվել է ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետը
prev Նախորդ նորություն

Մամուլ. «Սասնա ծռերը» չեն վստահում Նիկոլ Փաշինյանին ու նրան համարում են «Սերժի մարդը»

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում առաջիկայում ստեղծվելու է եւս մեկ կուսակցություն` «Սասնա ծռեր» անվամբ: Երեկ այդ մասին հայտարարեցին Ժիրայր Սեֆիլյանն ու Վարուժան Ավետիսյանը: Նրանք նշել են, որ այդ կուսակցությունը մասնակցելու է ԱԺ ընտրություններին, հավակնելու են քաղաքական դաշտում ունենալ լուրջ դերակատարություն: Ու թեեւ երեկ Ժիրայր Սեֆիլյանը պնդում էր` իրենք նեցուկ են լինելու Փաշինյանի կառավարությանը, Վարուժան Ավետիսյանը, որ մեղադրվում է 2016թ. ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման մեջ, միանգամայն հակառակ տրամաբանության մեջ հեռուն գնացող ակնարկներ է արել: Սկզբում նա ասել է, թե նոր ստեղծվելիք կուսակցությունը չի հանդիսանա զինված խմբի ժառանգորդը, եւ որ այդ խումբը ժողովրդի իշխանության վերահաստատման ներկայիս պայմաններում փակել է զինված պայքարի էջը։ Մյուս կողմից, սակայն, Ավետիսյանն ասել է, որ «Սասնա ծռեր» խմբավորմանը չպետք է դատեն, իսկ եթե, այնուամենայնիվ, իրենց դատեն, ուրեմն Սերժ Սարգսյանը իշխանությունից չի հեռացել։ Առաջին հայացքից տպավորություն է, թե մշտապես իրենց ծայրահեղական մոտեցումներով հայտնի, երեք ոստիկանի սպանության մեջ մեղադրվող «Սասնա ծռերը» Փաշինյանի իշխանության օրոք ազատ արձակվելուց հետո որոշել են, այնուամենայնիվ, քաղաքական դաշտ մտնել` ընդունելով քաղաքական պայքարի կանոնները: Բայց սա միայն առաջին հայացքից: Նրանք, միեւնույն է, քաղաքականություն են մտնում «զենքով»` չհրաժարվելով զինված պայքարի մեթոդներ կիրառելուց: Պարզապես հիմա բարձրաձայն չեն խոսում այդ մասին: Բացի այդ` պայքարի նման մեթոդների կդիմեն ոչ միանգամից, այլ, օրինակ, երբ ԱԺ ընտրությունների արդյունքում պարտություն կրեն: Օդում կախված լուրերի համաձայն` մասնավոր զրույցներում եւս «Սասնա ծռերի»՝ ազատ արձակված անդամները երբեմն կոշտ հայտարարություններ ու ակնարկներ են անում նաեւ այս իշխանությունների մասին խոսելիս՝ ասելով, որ չեն վստահում Փաշինյանի կառավարությանը ու նրան համարում են «Սերժի մարդը»: Եւ սա այն դեպքում, երբ իրենք հենց Փաշինյանի կառավարության օրոք են ազատ արձակվել, որովհետեւ ՀՀԿ իշխանության օրոք ամենավառ երազում անգամ չէին պատկերացնի, որ ճաղավանդակներից դուրս կգան»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Օրերս ՀԱՊԿ-ում քննարկվել է մասնակիցների կազմն ընդլայնելու հարցը: Մասնավորապես, դիտորդի կարգավիճակի մասին փաստաթղթերի փաթեթն է ներկայացվել։ Սա նշանակում է, որ առաջիկայում լրջորեն քննարկվելու է Ադրբեջանի՝ ՀԱՊԿ դիտորդ անդամ դառնալու հարցը, ինչը բավականին վտանգավոր է Արցախի հարցի լուծման առումով։ Մեր տեղեկություններով, այս հարցում կարող էր որոշակի դեր կատարել եւ գործընթացը կասեցնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, սակայն Հայաստանում նրա դեմ հարուցված քրեական գործը մի կողմից թուլացրել է նրա դիրքերը ՀԱՊԿ-ում, մյուս կողմից նա արդեն ճամպրուկային է տրամադրված եւ առանձնապես ջանքեր գործադրելու տրամադրություն էլ չունի, ուստի Ադրբեջանի անդամակցության առաջ, կարելի է ասել, կանաչ լույս է վառվում։


«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի դստերը՝ Աննա Աբրահամյանին, դատի են տվել: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ օգոստոսի 21-ին Վյաչեսլավ Ասրյանը դիմել է ՀՀ վարչական դատարան եւ պահանջում է ոչ իրավաչափ ճանաչել նոտար Աննա Աբրահամյանի՝ 2018-ի օգոստոսի 20-ի մերժման որոշումը, եւ պարտավորեցնել որպես հետեւանք՝ ժառանգությունն ընդունած ժառանգի վկայագրում պարտավորությունը գրանցել: Հայցվոր կողմի պաշտպան Մելանյա Վարդաբյանը երեկ հրաժարվեց մեկնաբանություններից. «Փաստաբանական կանոնագրքով կա փաստաբանական գաղտնիք, առանց իմ վստահորդի հետ խոսելու ես ոչինչ ասել չեմ կարող, դա փաստաբանական գաղտնիք է»,-ասաց նա: Ինչով կավարտվի այս դատական քաշքշուկը, սպասենք զարգացումներին: Հավելենք, որ այս գործը քննելու է ՀՀ վարչական դատարանի դատավոր Հրաչ Այվազյանը»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գլխին սեւ-մութ ամպեր են կուտակվում: Ինչպես հայտնի է՝ 2018 թվականի օգոստոսի 13-ին Hetq լրատվական կայքը հրապարակել էր այն մասին, թե ինչպես է ՀՀ նախկին ոստիկանապետը Վլադիմիր Գասպարյանը 200 հազար դոլարով դարձել 3 մլն դոլարանոց առանձնատան տեր: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ գլխավոր դատախազությունից հետաքրքրվեց, թե այս հրապարակման մասով ներկայացված փաստերով արդյոք ձեռնարկվո՞ւմ է որեւէ քայլ: Եվ ահա, ի պատասխան հարցման՝ ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հայտնեցին, որ հոդվածն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության քննարկմանը: Ասել է, թե չի բացառվում՝ ՀՔԾ-ում, այնուամենայնիվ, քրեական գործ հարուցվի նախկին ոստիկանապետի դեմ: Մեկ հիշեցում էլ՝ օրերս քրեական գործ հարուցվեց նրա եղբոր՝ Կարեն Գասպարյանի դեմ՝ քաղաքացու նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով»:


«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ աշխատակազմը 4 հատ նոր Toyota Camry ձեռք բերելու պայմանագիր է կնքել «Տոյոտա Երեւան» ընկերության հետ։ Գնումը տեղի է ունենալու ԱԺ աշխատակազմի բյուջեի տնտեսումներից։ Մեքենաներից 3-ը կտրամադրվեն ԱԺ 3 փոխնախագահներին, 4-րդը կմնա «պահեստային»՝ հյուրերին սպասարկելու համար։ 2018 թ․, լրիվ նոր դիզայնով Camry-ները, սակայն, կբերվեն մոտ 6 ամիս անց։ Դեռ կառավարությունը պետք է հաստատի բյուջեում ծախսային հոդվածի փոփոխությունը։ Ասել է թե՝ ԱԺ փոխնախագահները կարող է անգամ չհասցնեն վայելել նոր մեքենաները, եթե Փաշինյանը որոշի մաքսիմալ շուտ անցկացնել արտահերթ ընտրությունները, կամ կվայելեն, բայց կարճ՝ 1-2 ամիս։ Մինչ այդ կբավարարվեն 2012 թ․ արտադրության հին Camry-ներով»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ղարաբաղում եւս ներքաղաքական խմորումներ են սկսվել, քաղաքական դաշտը սկսել է պատրաստվել առաջիկա ընտրություններին՝ հայաստանյան իրադարձությունների սցենարով։ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո Արցախում ձեւավորված «Լույս Արցախին» նախաձեռնության ակտիվիստները ծրագրում են շարժումը կուսակցություն դարձնել։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց շարժման նախաձեռնողներից մեկը՝ ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բադասյանը։ Հիշեցնենք, որ նախաձեռնությունը ձեւավորվեց այս տարվա մայիսի վերջերին, այն հանդես է գալիս համախմբման եւ տեղի իշխանություններին հեռացնելու լոզունգներով: Ի դեպ, նախաձեռնության անդամ է նաեւ Արցախի ԱԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի եղբայրը` Վաչիկ Բալասանյանը: Բադասյանն ասաց, որ դեռեւս հայտնի չէ՝ կուսակցությունը հանդես կգա նո՞ւյն, թե՞ նոր անունով։


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը կարգադրել է ստուգումներ եւ աուդիտ անցկացնել մարզային բոլոր հաստատություններում՝ հիվանդանոցներ, դպրոցներ, մանկապարտեզներ եւ այլն։ Մեր տեղեկություններով, սեւ ամպեր են կուտակվում «Հայաստանի էլեկտրական ցանցերի» «Արաքս» մասնաճյուղի Արտաշատի բաժնի պետ Հայկ Հովհաննիսյանի գլխին։ Ստուգումների նախնական արդյունքների համաձայն, այստեղ մեծ մասշտաբների չարաշահումներ են թույլ տվել։ Հովհաննիսյանն ԱԺ պատգամավոր Արայիկ Գրիգորյանի մտերիմն է, նա Արտաշատում մի շարք բիզնեսներ ունի, նրան է պատկանում նաեւ «Արարատ» ռեստորանը։ Սա նաեւ տեղավորվում է մի կողմից հին իշխանությունների հենարան համարվող օլիգարխներին գահընկեց անելու, մյուս կողմից՝ «Ավշարի» տերերից մարզը վերցնելու նոր իշխանությունների ծրագրերի մեջ»։


«Փաստ» օրաթերթը գրում է. ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2018 թ. հայտարարագիրը: Ավանեսյանը հայտարարագրել է չորս անշարժ գույք՝ բնակարան, հողամաս, այգետնակ և բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք: Նրան է պատկանում նաև «FORD FIESTA 1.4 I» մակնիշի ավտոմեքենա: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ունեցել է 1 միլիոն դրամ արժողությամբ բաժնեմաս և 850 հազար դրամ դրամական միջոցներ: Եկամուտներն էլ կազմել են 4 միլիոն 350 հազար դրամ և ստացվել 4 միլիոն դրամ շահաբաժնից և 350 հազար դրամ աշխատավարձից: Ավանեսյանը 2017–2018 թթ. եղել է «Աբովյան 39» ՍՊԸ տնօրենը, նույն ժամանակահատվածում նաև «Արֆարմացիա» ՓԲԸ խորհրդի անդամ: Փաստաբանների պալատի անդամ է: