VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մարտի 1-ի դեպքերի առնչությամբ հարուցված քրեական գործով շուտով կհարցաքննվի նաեւ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը. այդ մասին երեկ հայտարարել է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը: Հատկանշական է փաստը, որ դեռ մինչեւ երեկ ՀՔԾ պետն ուղղակի չէր հայտարարել Սերժ Սարգսյանին հարցաքննության հրավիրելու անհրաժեշտության մասին: Օգոստոսի 9-ին` կառավարության նախորդ նիստից հետո, նաեւ դրանից առաջ լրագրողների՝ Ս.Սարգսյանին հարցաքննելու մասին հարցին Խաչատրյանն ընդհանրական պատասխան էր տվել` ասելով, թե կհարցաքննվեն բոլոր նրանք, ովքեր կարող են տեղեկատվություն ունենալ այդ գործի մասին: Այնինչ երեկ նա ուղղակիորեն մատնանշել է նաեւ ՀՀ երրորդ նախագահի անունը: Սա ինքնին ուշագրավ է, եթե հաշվի առնենք փաստը, որ Սերժ Սարգսյանը 2008թ. եղել է ՀՀ վարչապետ, եւ այդ իրադարձություններից հետո ինքը զբաղեցրեց նախագահի պաշտոնը: Բացի այդ, Ռոբերտ Քոչարյանը, հոկտեմբերի 26-ի իր հարցազրույցում խոսելով մարտի 1-ին արտակարգ դրություն հայտարարելու մասին, ասել էր, թե այդ կապակցությամբ խորհրդակցել է ԱԺ նախագահի ու վարչապետի հետ: Հետաքրքիր է՝ Ս.Սարգսյանին միայն որպես վկա կհարցաքննեն, թե նրան էլ մեղադրանք կառաջադրվի սահմանադրական կարգը տապալելու համար եւ կկալանավորեն. ի վերջո, պաշտպանության նախարարը, որն արձակել է քրեական գործի հիմք դարձած 0038 գաղտնի հրամանը, կառավարության անդամ էր, ասել է թե` բացի նախագահից ենթարկվում էր նաեւ վարչապետին»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեկ ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ դրոններով՝ թռչող սարքերով տեսանկարահանումներն այսօրվա հանրահավաքի ժամանակ արգելվում են։ Պաշտոնական բացատրությունը․ «Օգոստոսի 17-ին տեղի ունենալիք հանրահավաքի մասնակիցների անվտանգությունն ապահովելու նկատառումներից ելնելով․․․ նման փորձերը կասեցվելու են։ ԶԼՄ-ների ներկայացուցիչներին խնդրում ենք ձեռնպահ մնալ տեսանկարահանման այդ միջոցների կիրառումից»։ Սակայն սա միակ նախազգուշական միջոցը չէ, որ ձեռնարկվել է հանրահավաքին ընդառաջ․ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի հրապարակին նայող համարները մինչեւ օգոստոսի 18-ը չեն տրամադրվել հյուրերին։ Հավանաբար, զգուշացել են հանրահավաքը «հարամելու» փորձերից եւ Ռոբերտ Քոչարյանի օգտին ակցիայի կրկնությունից։ Հիշեցնենք, որ այստեղ պաստառ էին կախել՝ «Ազատություն նախագահին» գրությամբ»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Պինդ «նստել» են ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի «վրա»։ Մեկ շաբաթ առաջ նրանք խուզարկություն կատարեցին Աբրահամյանի հայրական գյուղում՝ Մխչյանում, նրան պատկանող գործարանի տարածքից հանելով զենք-զինամթերք, որոնք «հնարավոր է» օգտագործվել են 2008-ի մարտի 1-ին։ Եվ արդյունքում ձերբակալեցին երկու անձի, այդ թվում՝ նրա եղբորը՝ Ջոնիկ Աբրահամյանին։ Իսկ երեկ տեղեկացանք, որ նմանատիպ մի գործողություն էլ օրեր առաջ կատարվել է Հովիկ Աբրահամյանի դստեր երեւանյան բնակարանում՝ օպերային թատրոնի մերձակայքում գտնվող։ 4 հարկանի շենքի բնակիչներն ականատես են եղել, թե ինչպես են դիմակավորված անձինք մտնում իրենց շենք։ Թե ինչ են փնտրել ԱԱԾ-ականները եւ ինչ են գտել, մեզ հայտնի չէ։ Ի դեպ, Աբրահամյանի փեսան՝ Վլադիմիր Թամրազյանը, Արեւմտյան մաքսատուն-վարչության կամ՝ Զվարթնոցի մաքսատան պետն »է։
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Անվտանգության ընկերությունները, որոնք ստեղծվեցին վերջին տարիներին՝ ոստիկանությանը դուրս մղելով պետական եւ մասնավոր հիմնարկների պահպանության ոլորտից, բավականին շատ են․ «Երկրապահ սեքյուրիթի», «Ալֆա-դելտա», «Լեգիոն» եւ այլն։ Սակայն իշխանափոխությունից հետո դրանց մի մասը հայտնվել է ծանր վիճակում՝ որոշ կազմակերպություններ հրաժարվել են նրանց ծառայություններից: «Երկրապահ սեքյուրիթին», որը ԵԿՄ-ին է պատկանում, արդեն կորցրել է մի շարք խոշոր օբյեկտների պահպանության պատվերը: «Ալֆա-դելտան» Գալուստ Սահակյանի որդի Արման Սահակյանինն է, «Լեգիոնը» հանրությանը հայտնի դարձավ Տարոն Մարգարյանի տների պահպանությամբ եւ պատկանում է Ավանի թաղապետի մորաքրոջ որդուն: Առավել ճարպիկները, օգտվելով իշխանափոխության առիթից, փորձում են վերաձեւել այս դաշտը՝ նախկին իշխանությունների հետ կապվող ընկերություններից խլելով պատվերները: Ի դեպ, օրեր առաջ ԱԱԾ գեներալ-մայոր Զավեն Նանյանին պատկանող «Գրիֆ եւ Միհր» պահնորդական ընկերությունների համասեփականատեր Էդիկ Սիմոնյանը կառավարությունում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման է մասնակցել՝ Հայաստանի գործատուների միության խորհրդի անդամների հետ միասին»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ճանապարհային ոստիկանությունը վերջերս աղմկահարույց փաստեր է բացահայտել. քաղաքացիները, որոնք զրկված են եղել մեքենա վարելու իրավունքից, արհամարհելով ՃՈ արգելքները, շահագործել են իրենց մեքենաները: Արդյունքում ՃՈ-ն 127 դեպքով դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն քրեական պատասխանատվության ենթարկելու օրինախախտներին: ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշել է, որ ճանապարհային տեսուչը տվյալ պահին համացանցով հնարավորություն չունի ստուգելու` անձը զրկված է մեքենա վարելու իրավունքից, թե ոչ: Ոստիկանը միայն կասկածելու դեպքում ռադիոկապի միջոցով կարող է հարցում անել հերթապահ մաս, որտեղից իրեն տեղյակ կպահեն, բայց կասկածը միշտ չէ, որ առկա է»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Oրաթերթի հետ զրույցում ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանն անդրադարձել է ՀՀ ԱԻ նախարարությունում բացահայտված չարաշահումներին՝ տեղեկացնելով, որ նախկին պաշտոնյաներ են կալանավորվել: Նրանք մեղադրվում են բյուջեից գումարներ յուրացնելու մեջ: Վանեցյանը տեղեկացրել է, որ կալանավորված են ԱԻ նախկին փոխնախարար Համլետ Հակոբյանը և աշխատակազմի նախկին ղեկավար Գագիկ Հայրապետյանը: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Համլետ Հակոբյանն այս պաշտոնին նշանակվել է 2016 թվականի մարտից, իսկ մինչ այդ զբաղեցրել է նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը: Հակոբյանը փոխնախարար է նշանակվել ԱԻ նախարար Արմեն Երիցյանի մահից մի երկու ամիս առաջ և Դավիթ Տոնոյանի նախարար եղած ժամանակ»: