25.11.2024
Համարեք, որ վերադարձել եմ քաղաքականություն... ինչի՞ եք խառնվել իրար. Քոչարյան
prev Նախորդ նորություն

ՌԴ-ն այն երկիրը չէ, որի հետ կարելի է այդ լեզվով խոսել. Քոչարյանը Փաշինյանին անփորձ անվանեց

Ես մեծ մտահոգություն ունեմ, երբ վարչապետն ասում է, որ աշխարհը պետք է ադապտացվի Հայաստանում նոր իրավիճակին: Ասում է դա Ռուսաստանին, իսկ դա այն երկիրը չէ, որի հետ կարելի է այդ լեզվով խոսել: Այս մասին Երկիր Մեդիայի եթերում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը` հայտարարելով, որ վերադառնում է քաղաքականություն և պարզաբանելով, թե ի՞նչ պատճառներ են իրեն դրդել վերադառնալ:

«Այն, ինչ երեկ կատարվեց Հարավկովկասյան երկաթուղիում, չի տեղավորվում… ես տպավորություն ունեմ, որ այս իշխանությունները չեն պատկերացնում իրական վտանգները, աշխարհաքաղաքական իրավիճակը չեն պատկերացնում»,- հայտարարեց նա:

Քոչարյանի խոսքով, նա հասկանում է, որ կա իշխանություն, որն ունի իր կարծիքը, բայց ոչ ոք չի զրկել իրեն իր կարծիքն արտահայտելու իրավունքից.

«Ես չեմ համարում, որ եղել է հեղափոխություն, բայց սիրում են այդ բառը` թող օգտագործեն: Բայց եթե կա հեղափոխություն, ապա կա և հակահեղափոխություն, ես տեսնում եմ, որ փորձում են այդպիսի երանգ տալ այս իրավիճակին, սև ու սպիտակի վերածել քաղաքական դաշտը Հայաստանում: Եվ սա հաշվարկ է, որով այլ կարծիք ունեցող մարդկանց կարելի է որակել հակահեղափոխական և հետապնդել` այնպես, ինչպես իմ դեպքում եղավ»,- ասաց նա` ավելացնելով, որ եթե անգամ վաղվա հանրահավաքին հավաքվի 100 հազար մարդ, դա միևնույն է մեծամասնությունը չէ և պետք է մարդկանց իրավունք տալ հայտնել նաև իրենց կարծիքը.

«Այսօր կա մի զանգված, որը շատ ակտիվ է, բայց դա չի նշանակում, որ դա մեծամասնությունն է: Պարզապես այդ զանգվածը այնքան ագրեսիվ է, որ թույլ չեն տալիս ուրիշներին հնչեցնելու իրենց ձայնը»:

ՀՀ նախկին նախագահն ասաց, որ իշխանությունները չեն պատկերացնում ու ադեկվատ չեն գնահատում իրավիճակը ոչ միայն Հայաստանում, այլև դրա սահմաններից դուրս, հատկապես հաշվի առնելով աշխարհաքաղաքական իրողությունները, որ առկա են տարածաշրջանում: Այստեղ նա նշեց Թուրքիայի ուժեղացումը և ագրեսիվ քաղաքականությունը, որ այս պետությունը վարում է հարևանների նկատմամբ` նկատի ունենալով Սիրիան, ինչպես նաև Իրանի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցները: Ըստ Քոչարյանի` դա գալիս է անփորձությունից, նոր իշխանությունները փորձ չունեն, բայց դա մեղադրելու չի: Նաև ակնարկեց, որ վտանգավոր է իշխանության ղեկը հանձնել Սորոսի կամ այլ գրանտային միջոցներով տարբեր ՀԿ-ներում աշխատած մարդկանց, որովհետև ոչ ոք չգիտի, թե այդ գումարները որտեղից են գալիս, գուցե Ադրբեջանից կամ Թուրքիայից:

Անդրադառնալով իր դեմ առաջադրված մեղադրանքին, Քոչարյանը նշեց, որ իր փաստաբանների թիմն ուղղակի ջախջախել է իրեն առաջադրված մեղադրանքը, «քարը քարին չեն թողել այդ մեղադրանքից»: Ըստ նրա` սա այն դեպքն է, երբ ամբողջ մեղադրանքը կառուցված է կեղծ, արհեստական ապացույցների վրա, եզրակացությունների վրա: Իր խոսքը մեղադրանքի մասով սահմանափակ էր, քանի որ կա նախաքննական գաղտնիք հասկացությունը: Բայց և քննադատեց ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանին, որը այսօր էլ հույս էր հայտնել, որ Քոչարյանը նորից կհաայտնվի անազատության մեջ.

«Ինքն իրեն այնպիսի բաներ է թույլ տալիս, որոնք ուղղակի հակասության մեջ են օրենքի հետ, բայց տվյալ դեպքում օրենքն ինքն է ու ինքը համարում է, որ օրենքից դուրս է ու ավելի բարձր է կանգնած, կարծում եմ՝ սա է պատճառը», - հայտարարեց նախկին նախագահը:

Քննադատեց նաև նոր իշխանությունների կողմից տնտեսական քաղաքականության բացակայությունը, քանի որ դա, ըստ նրա, լուրջ խնդիր է առաջացնելու` ներդրողների չունեն հիմք տեսնելու, թե ինչ է արվելու Հայաստանում կամ ինչ է արվում:


Վերադառնալով հանրահավաքի թեմային, նա զարմանքով նշեց, որ իշխանությունները այս էլ երեք օր է զբաղված են հանրահավաքի կազմակերպման և հարց հնչեցրեց` որտեղի՞ց նրանց այդքան ժամանակ:

«Ես իմ նախագահության օրոք անգամ քիթ սրբելու ժամանակ չունեի, որտեղի՞ց նրանց այդքան ժամանակ: Բայց նրանք դրանով են զբաղվել, դրան են սովոր, դա է իրենց կոմֆորտի զոնան»,- հայտարարեց նա: