Ռոհանի. ԱՄՆ-ն չի կարողանում ապացուցել իր հուսալիությունը բանակցություններ սկսելու համար
ԱՄՆ վարչակազմը չի կարողանում ապացուցել իր հուսալիությունը Իրանի միջուկային համաձայնագրից եւ մի շարք այլ միջազգային պայմանագրերից դուրս գալուց հետո բանակցություններ սկսելու համար: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին, հաղորդում է PressTV-ն:
Նրա խոսքով, Իրանը միշտ դիվանագիտության եւ բանակցությունների օգտին է արտահայտվել: «Սակայն բանակցությունները պահանջում են ազնվություն: ԱՄՆ-ն նորից պատժամիջոցներ է կիրառում Իրանի դեմ եւ դուրս է գալիս միջուկային գործարքից, հետո ցանկանում է բանակցել մեզ հետ», - ասել է Ռոհանին` ավելացնելով, որ ԱՄՆ-ն պետք է առաջին հերթին պատրաստակամություն դրսեւորի համաձայնագրից դուրս գալուց հետո բանակցությունների միջոցով խնդիրները լուծելու վերաբերյալ:
Ռոհանիի կարծիքով, Թեհրանի հետ ուղիղ բանակցությունների մասին նախագահ Դոնալդ Թրամփի վերջին կոչը ուղղված էր նրան, որ Իրանում պառակտում սկսվի: Նա նշել է, որ ԱՄՆ-ն կզղջա Իրանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման համար: Ըստ նրա Թրամփը չէր ցանկանում միակողմանի պատժամիջոցներ կիրառել Իրանի դեմ, նա ցանկանում էր, որ մնացած երկրները դա անեն, բայց դա նրան չհաջողվեց: