Հայաստանին զենքի մատակարարման գործընթացը չի դադարել. Դավիթ Տոնոյան
ՌԴ-ի հետ 100 միլիոն դոլարի վարկային համաձայնագրի շրջանակներում Հայաստանին զենքի մատակարարման գործընթացը չի դադարել: Այս մասին լրագրողներին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
Նրա խոսքով, նշված համաձայնագրի շրջանակներում զենքի մատակարարումն ընթացքի մեջ է: Բացի այս, Տոնոյանը հիշեցրեց, որ Հայաստանը զենք է ձեռք բերում ոչ միայն ՀԱՊԿ անդամ, այլ նաև այլ երկրներից:
Հիշեցնենք, ավելի վաղ ռուսական զենքի մատակարարման շուրջ շրջանառվող լուրերը մեկնաբանել էր նաև ՌԴ պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը՝ ոչ կոռեկտ որակելով տվյալ տեղեկությունը:
Նախարարը նաև նշեց, որ ռուսական կողմը ՀՀ պաշտպանության նախարարության առջև հարց չի բարձրացրել դադարեցնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդումը: Բացի այդ, չի քննարկվել նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում ՀՀ կողմից այլ թեկնածու առաջարկելու հարցը.
«Այդ հարցը դեռևս ինձ հետ չի քննարկվելլ: Կարծում եմ, որ Հայաստանն ունի ժամկետ և կարծում եմ, որ Հայաստանը պետք է շարունակի իր նախագահումը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնավարումը»,- ընդգծեց Դավիթ Տոնոյանը՝ հավելելով, որ կոլեգիալ որոշում է լինելու՝ կկասեցվի Հայաստանի նախագահությունը ՀԱՊԿ-ում, թե ոչ։
Նախօրեին ռուսական Կոմերսանտը գրել էր, թե Մոսկվային ջղաձգում են ՀՀ-ի նոր իշխանությունների գործողությունները` երկրի նախկին ղեկավարների հետապնդման հետ կապված: Հատկապես մեծ ջղաձգվածություն է առաջացրել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հետապնդումը` Կրեմլում դա համարում են լուրջ հարված ռազմական դաշինքի իմիջին: Լարվածության ֆոնին կարող են խափանվել նաև ՀՀ-ին ռուսական զենքերի մատակարարման հարցերը: ՌԴ-ի ռազմական արդյունաբերության ձեռնարկությունների թոփ-մենեջերներ հայտնել են, որ Երևանին 100 միլիոն վարկի շրջանակներում զենքերի մատակարարումները մեծ հարցականի տակ են: