ՀՀ-ում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներն ու նախկին պաշտոնյաների քրեական հետապնդումները հանգեցնում են Մոսկվայի սուր արձագանքներին: Ամենակարևորն այս գործընթացում հարվածի տակ չդնել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները` չպետք է տուրք տալ կոնյուկտուրային իրավիճակներին:
ՌԴ-ՀՀ ռազմավարական հարաբերություններն ու ռուսական ռազմաբազայի ու սահմանապահ զորքերի առկայությունը ՀՀ-ի գոյության, ՀՀ-ի քաղաքացիների ֆիզիկական անվտանգության կարևոր գործոններից են` էմոցիոնալ հայտարարությունները չպետք է ստվեր գցեն Երևան-Մոսկվա տանդեմում փոխհարաբերությունների որակի վրա:
ՌԴ-ն Լավրովի շուրթերով մեսիջ հնչեցրեց, որ ՀՀ-ում նախկին պաշտոնյաների հետապնդումը իրենց մտահոգում է. ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի կալանավորման շուրջ գործընթացը ստվեր է գցում այդ կազմակերպության իմիջի, վարկանիշի վրա, իսկ Մոսկվայի արտաքին քաղաքականությունում ՀԱՊԿ-ն ունի կարևոր ռազմա-քաղաքական նշանակություն: Արդեն իսկ ԶԼՄ-ներով լուրեր են տարածվում, որ ռուսական կողմը կարող է դադարեցնել արդի զենքերի մատակարարումները ՀՀ-ին:
Պատերազմական պայմաններում գտնվող ու ղարաբաղյան չկարգավորված հարց ունեցող Երևանի համար զենքերի մատակարարման դադարեցումը կամ անգամ ուշացումը կարող է ճակատագրական լինել` Ադրբեջանը սպասում է հայ-ռուսական ռազմատեխնիկական հարաբերությունների խզմանը, որպես լավագույն նվեր Արցախի դեմ պատերազմ սկսելու համար:
Պետք է սթափ գնահատել ՌԴ-ի մեսիջները, դա ներքին քաղաքականություն միջամտություն չէ` Մոսկվան մտահոգված է, որ ՀՀ-ն կարող է 180 աստիճանով շրջվել դեպի Արևմուտք չնայած նոր իշխանությունների հավաստիացումներին, իսկ ներքաղաքական լարվածությունը կարող է հանգեցնել Ղարաբաղում նոր պատերազմի մեկնարկին, ինչը չի տեղավորվում Մոսկվայի ռազմավարության ու շահերի մեջ:
ՌԴ-ի համար ձեռնտու չէ Հարավային Կովկասում ռազմական լայնածավալ գործողությունները, ինչից կարող են օգտվել Թուրքիան` աջակցելով Բաքվին ու ամրապնդվելով Հարավային Կովկասում արդեն ռազմաբազաների տեսքով, ինչպես նաև ԱՄՆ-ն` փորձելով ազդել հայկական նոր իշխանությունների վրա և հասնել ՌԴ-ի ազդեցության գոտուց ՀՀ-ին դուրս բերելուն:
ՀՀ-ն ու ՌԴ-ն ունեն միմյանց կարիքը, սակայն պաշտոնական Երևանը չի կարող հաշվի չնստել գերտերության կարծիքի հետ` գնալ ուղիղ դիվանագիտական առճակատման Մոսկվայի հետ նշանակում է վտանգի տակ դնել Արցախն ու այնտեղի հայությանը, սահմանում կանգնած զինվորների անվտանգությունը:
Բաքվի ղեկավարությունն ուշադիր հետևում է հայ-ռուսական հարաբերություններում նկատվող վերջին որոշակի տարաձայնություններին: Նրանք կարող է գերագնահատեն Մոսկվա-Երևան հարաբերություններում առկա որոշակի անհամաձայնությունն ու դա ընկալեն, որպես ռուսական կողմի կանաչ լույս` Ղարաբաղի դեմ պատերազմ սկսելու համար:
Ռուսական ու հայկական կողմերը պետք է օպերատիվ կերպով հարթեն բոլոր տարաձայնությունները թե՛ հասարակություններին, թե՛ հարևան Թուրքիային ու Ադրբեջանին հստակ մեսիջ հղելով, որ ռազմավարական, դաշնակցային հարաբերությունները շարունակվում են, ՌԴ-ն ՀՀ-ի ազգային անվտանգության երաշխավորներից է, իսկ ՀՀ-ի ներքաղաքական զարգացումները չպետք է ստվեր նետեն դարավոր այդ կապերի վրա: Երևանն էլ ապագայում պետք է հաշվի նստի Մոսկվայի դիրքորոշումների հետ, հատկապես ՀԱՊԿ-ի հարցում, քանի որ ռուսական կողմին անտեսելը շատ ցավոտ է ընկալվում ՌԴ-ի ղեկավարության կողմից: