24.11.2024
Թուրքիայում մշակվել է նոր անօդաչու
prev Նախորդ նորություն

Ղարաբաղյան գործընթացը խորը փակուղում է

Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման մասին հստակ պայմանավորվածություն դեռ չկա: Այս մասին այսօր՝ հուլիսի 31-ին, լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:


Նրա խոսքով, կա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկը, սակայն պայմանավորվածություն դեռ չկա:


Ինչ վերաբերում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հնարավոր հանդիպման հավանականությանը, Տիգրան Բալայանը նկատեց, որ այդ հարցում անհրաժեշտ է ելնել նրանից, որ հանդիպումը ինքնանպատակ չէ, այլ պետք է ելնել դրա նպատակահարմարությունից: Այդ կապակցությամբ, Տիգրան Բալայանը հիշեցրեց Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի եւ Ժնեւի գագաթաժողովներում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտությունը, ինչը հնարավորություն կտա կողմերին առաջ շարժվել խնդրի կարգավորման ուղղությամբ:


Փաստորեն պաշտոնական Երևանը ևս մեկ անգամ շեշտում է, որ բանակցությունների շարունակության համար անհրաժեշտ է նպաստավոր միջավայր, սակայն ադրբեջանական կողմը շարունակում է կրակել հայ զինվորների ուղղությամբ, հարվածի տակ պահել միջպետական ճանապարհներն ու սահմանամերձ գյուղերը, սպառազինությունների մրցավազքը նոր մակարդակի վրա է բարձրացել:


Բանակցային միջավայրի ձևավորման համար կառուցողական մոտեցում պետք է ցուցաբերի Բաքուն, սակայն Ադրբեջանը վերջերս կրկին անգամ խստացրել է ռազմական հռետորաբանությունը` սպառնալով պատերազմով, ինչը բանակցային սեղանի շուրջ Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպման նպատակահարմարությունը զրոյացնում է:


Պետք է հստակ հասկանալ մեկ բան` այսօր բանակցային սեղանին առկա մադրիդյան սկզբունքները ձեռնտու չեն ոչ ՀՀ-ին, ոչ Արցախին` այդ սկզբունքների տարածքների վերադարձման ու փախստականների վերադարձի կետերը հայաթափելու են Արցախն ու Բաքվին հնարավորություն տալու Լեռնային Ղարաբաղի վրա հարձակվել ավելի նպաստավոր դիրքերից: Արցախն այլևս չի ունենալու իր շուրջ անվտանգության գոտի, Ղարաբաղի շուրջ կրկին անգամ ստեղծվելու է ադրբեջանաբնակ գոտի` վերաբնակեցումից հետո Արցախի այսօրվա կենսական տարածքը կրկնակի անգամ նվազելու է: Այսօրվա գրեթե 12.000 քկմ տարածք ունեցող Արցախը վերադառնալու է խորհրդային ԼՂԻՄ սահմաններին ու ժողովրդագրական անպաստ իրավիճակ է ստեղծվելու:


ՀՀ-ի իշխանությունները հայտարարում են, որ չեն պատրաստվում բանակցել Արցախի փոխարեն` այդ կերպ նշելով Արցախի սուբյեկտայնությունը բանակցություններում, որպես լիարժեք կողմ, սակայն Բաքուն երբեք բանակցային սեղանի շուրջ չի նստի Արցախի հետ:


Ադրբեջանի համար ղարաբաղյան հարցն ունի մեկ լուծում` ռազմական, բանակցային գործընթացը նրանք օգտագործում են ավելի լավ զինվելու ու հարմար պահ գտնելու պարագայում անցնելու գրոհի:


Բաքվի համար բանակցային գործընթացն իմիտացիա է` նախապատերազմական ժամանակաշրջանը տնտեսական ու ռազմական հզորացման համար օգտագործելու համար: Ալիևը շատ լավ հասկանում է, որ հայկական կողմերը չեն գնալու միակողմանի զիջումների, իսկ տարածքների մի մասի վերադարձն ու Արցախի անկախությունը քաղաքական ինքնասպանություն է Բաքվի այսօրվա իշխանությունների համար:


Արցախի անկախությունը կամ վերամիավորումը ՀՀ-ի հետ նախադեպ կստեղծի, ինչից կարող են օգտվել նաև Ադրբեջանի բնիկ ժողովուրդները` թալիշները, լեզգիները և այլոք, ովքեր կցանկանան կրկնել Արցախի օրինակն ու ստանալ անկախություն:


Անկարան ու Բաքուն տարածաշրջանում իրականացնում են պանթուրքիստական քաղաքականություն, որի նպատակն է վերացնել հայկական պետականությունն ու հայ ժողովրդին այս տարածաշրջանում: Պանթուրքիզմի ճանապարհին կանգնած է նաև Արցախը, ինչն էլ հանգիստ չի տալիս թուրք-ադրբեջանական տանդեմին:


Սպասել, որ Բաքուն կճանաչի Արցախը կամ կգնա ուղիղ բանակցությունների Ստեփանակերտի հետ անհեռատեսական է և միամտություն: