ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը դիվանագիտական անձեռնմխելիություն ունի, ինչը նշանակում է, որ նրա նկատմամբ չէր կարող քրեական հետապնդում իրականացվել: Այս մասին հայտարարել է Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը, գրում է ՀԺ-ն:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ “Մարտի 1-ի” գործով պաշտոնապես մեղադրանքներ են առաջադրվել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, 2008 թ-ի արյունալի իրադարձությունների ժամանակ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանին եւ այդ ժամանակ ՊՆ Երևանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովին, որն այժմ հանդիսանում է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը:
Արդեն իսկ քննիչը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Յուրի Խաչատուրովի եւ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Նույն գործով որպես մեղադրյալ ներգրավված նախկին Պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանն այս պահին Հայաստանում չէ: Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Պողոսյանի կարծիքով, առկա է համաձայնագիր՝ ստորագրված 6 անդամ պետությունների ղեկավարների կողմից, որը ստորագրվել է 2007 թվականի հոկտեմբերի 6-ին, համաձայն որի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը եւ ՀԱՊԿ պաշտոնատար անձինք, ենթակա են պաշտպանության այն պահից, երբ անցել են իրենց պարտականությունների կատարմանը: “Ըստ տվյալ համաձայնագրի 19-րդ հոդվածի՝ գլխավոր քարտուղարը պաշտոնատար անձինք եւ նրանց ընտանիքի անդամները օգտվում են առավելություններից եւ անձեռնմխելիությունից, որը սահմանված է հենց տվյալ համաձայնագրով”, - նշում է նա:
Փաստաբանի խոսքով, Խաչատուրովին անձեռնմխելիությունից զրկելու իրավասություն ունի միայն նույն համաձայնագրի 21-րդ կետով սահմանված ՀԱՊԿ խորհուրդը, որը իրենից ներկայացնում է անդամ պետությունների ղեկավարներին: Խորհուրդը պետք է նիստ անի, քննարկի նրան անձեռնմխելիություն զրկելու հարցը: Իսկ մինչ այդ չի կարող նրա նկատմամբ քրեական հետապնդում իրականացվել, նշել է նա:
Միհրան Պողոսյանը վստահ է, որ դատարանում այս հարցը քննարկման առարկա արդեն իսկ պայմանագրի խախտում է եւ նրանք սպասում են պաշտոնական պարզաբանումների: “Այո, արդեն իրեն մեղադրանք առաջադրելը համաձայնագրի խախտում է: Վարույթն իրականացնող մարմինը չի տիրապետում նույնիսկ այն տեղեկատվությանը, թե Յուրի Խաչատուրովը դիվանագիտական անձեռնմխելիություն ունեցող անձ է, թե՝ ոչ”, - ասել է նա: