«Եվրոպական Վրաստան»-ը նախագահական ընտրություններում առաջադրել է Բաքրաձեի թեկնածությունը
Վրաստանի առաջատար ընդդիմադիր կուսակցություններից մեկը` «Եվրոպական Վրաստան»-ը, հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին կառաջադրի խորհրդարանի նախկին խոսնակ և նախկին արտգործնախարար Դավիթ Բաքրաձեի թեկնածությունը:
Դավիթ Բաքրաձեն 2013 թվականին արդեն իսկ մասնակցել է նախագահական ընտրություններին` քվեների 21 տոկոսով զբաղեցնելով երկրորդ տեղը: Հինգ տարի առաջ նրան առաջադրել էր Միխեիլ Սաակաշվիլիի «Ազգային միացյալ շարժում» կուսակցությունը: Այսօր արդեն նրան առաջադրում են Սաակաշվիլիի նախկին աջակիցները, որոնք առանձին կուսակցություն էին հիմնել 2016 թվականի խորհրդարանական ընտրություններում կրած պարտությունից հետո:
«Մեր գլխավոր նպատակը երկրում տիրող քաոսի հաղթահարումն է: Ցավոք սրտի, մեր հասարակությունը այսօր երկփեղկված է, մեզ հարկավոր է այնպիսի նախագահ, որ կարողանա միավորել Վրաստանի հանրությանը: Մեր երկրին այնպիսի նախագահ է հարկավոր, որ կլինի Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացու կողքին, սակայն երբեք այդ քաղաքացու համար անհարմարություններ չի ստեղծի իր ամբիցիաների պատճառով», - շաբաթ օրը Քութաիսիում կայացած կուսակցական համագումարի ընթացքում հայտարարում էր «Եվրոպական Վրաստան»-ի առաջնորդներից մեկը` Գիգի Ուգուլավան: