27.11.2024
Հայաստանը կքննարկի ԼՂ հարցում փոխզիջման սահմանը, երբ Բաքուն դրան պատրաստ լինի. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Տեր-Պետրոսյանն ինձ տեղեկություններ է փոխանցել ԼՂ հակամարտության մասին. Փաշինյան

Հայաստանի վարչապետն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ որոշ մանրամասներ ներկայացրեց իր եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդիպումից: Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ցանկություն է հայտնել իր հետ քննարկելու որոշ հարցեր եւ Փաշինյանը նրան հրավիրել է կառավարական առանձնատուն:


«Մենք նստել, զրուցել ենք, սուրճ ենք խմել: Արցախի հարցի վերաբերյալ ինքը փորձել է ինձ տալ տեղեկություններ, որոնք մտածել է, որ ինձ կարող է հայտնի չլինել: Դա շատ օգտակար զրույց էր, բայց նա ինձ չի հայտնել տեղեկություններ, որոնք ինձ դեռեւս հայտնի չէին: Այսինքն՝ այն, ինչ հայտնել է, ամեն ինչ հայտնի էր ինձ»,- ասաց վարչապետը:


Նա հիշեցրեց, որ վարչապետ դառնալուց հետո հենց առաջին գործերից մեկը եղել է այն, որ ամբողջական տեղեկություններ է ստացել Արցախի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների մասին:


«Ես անգամ այդ հարցով հրավիրել եմ ԱԳ նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանին: Չեմ բացառում, որ ապագայում էլ նման հանդիպում լինի: Իսկ Տեր-Պետրոսյանի հետ հանդիպմանը ներքաղաքական հարցերին անդրադարձ չի եղել»,- ասաց Փաշինյանը:


Հարցին՝ մտադիր չէ հանդիպել նաեւ ՀՀ մյուս նախկին նախագահների հետ, ՀՀ վարչապետը պատասխանեց. «Առաջին նախագահը ցանկություն է ունեցել հանդիպելու: Եթե այլ ցանկություններ կլինեն հանդիպելու՝ ես կքննարկեմ: Ես այս պահին նման անհրաժեշտություն չեմ տեսնում, բայց չեմ բացառում, որ մի X պահի հնարավոր է նաեւ նման անհրաժեշտություն ծագի: Ես չեմ ասում՝ վայ, ես չեմ հանդիպի»,- նշեց նա: