Ներկայումս Հայաստանի ընդհանուր մթնոլորտը դրական է. «թավշյա հեղափոխությունից» հետո Հայաստանում կատարվող փոփոխությունները շատերի կողմից դրական են ընկալվում: Դեպի լավը փոփոխությունների մեծ սպասումներ կան, եւ կարեւոր է, որ դրանք իրական արդյունքների վերածվեն տնտեսության, բիզնեսի մեջ: Այս մասին ՌԻԱ Նովոստի և Սպուտնիկ-Արմենիա լրատվական գործակալություններին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
Նախագահի տեսլականը հետեւյալն է. Հայաստանն այսօր ունի հսկայական առավելություն, քանի որ ԵԱՏՄ անդամ է: Եվ երբ ասում եմ ՝ ներդրումներ կատարեք Հայաստանում, դա չի նշանակում, թե ինքը կոչ է անում ներդրում կատարել 3,5 մլն բնակչությամբ երկրում: Ըստ նախագահի՝ Հայաստանը կարող է կամուրջ կամ անգամ դուռ դառնալ դեպի հսկայական եվրասիական տարածք, որտեղ ապրում է ավելի քան 170 մլն մարդ:
«Մեր օրերում, երբ նշանակալի են ոչ այնքան բնական ռեսուրսները, որքան նոր տեխնոլոգիաներն ու մշակումները, Հայաստանը կարող է շեշտը դնել դրա վրա: Մեզանում հիմա տեխնոլոգիաները շատ լավ են զարգանում, եւ այդ ոլորտի շատ համաշխարհային ընկերություններ արդեն աշխատում են մեզ մոտ: Հայաստանը կարող է տեխնոլոգիական կամուրջ դառնալ պայմանական Արեւմուտքի ու Արեւելքի միջեւ, ստեղծել իր նոր տեխնոլոգիաները, որոնք կունենան միջազգային որակ, եւ դրանք տարածել եվրասիական շուկայում»,- ասել է նա:
Արմեն Սարգյանը մատնանշել է, որ վերջերս Ֆրանսիայում էր և հասցրել է հանդիպել ֆրանսիական մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ՝ Dassault Systèmes, Orange, THALES: Նախագահի խոսքով, հանդիպումներ եղան ոչ միայն բարձրտեխնոլոգիական ընկերությունների հետ. հանդիպել է նաեւ Chanel-ի սեփականատիրոջը.
«Հայաստանում ոսկերչական գործի ավանդույթներն ամուր են, եւ վատ չէր լինի միավորել մեր ավանդույթներն ու համաշխարհային տեխնոլոգիաները»,- ընդգծել է նա:
Հիշեցնենք, նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 14-15-ին Մոսկվայում էր: Նա հետևեց ֆուտբոլի աշխարհի առաջնության փակման հանդիսավոր արարողությանն ու եզրափակիչ խաղին: