Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում քննությամբ վերականգնվել է 43 մլն դրամ
Ոստիկանության ներքին աուդիտի վարչության կողմից ոստիկանության ՊՊԳՎ Իջևանի պահպանության բաժնում, Տավուշի և Դիլիջանի պահպանության բաժանմունքներում իրականացված աուդիտների ընթացքում արձանագրված ֆինանսական խախտումների փաստերով ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարված ծառայողական քննությամբ պարզվել է, որ Իջևանի պահպանության բաժնի նախկին հաշվապահի կողմից նույն բաժնի նախկին պետին և մի քանի ծառայողների, որոշակի ժամանակահատվածում, ոստիկանության ՊՊԳՎ արտաբյուջետային միջոցներից ընդհանուր 38 միլիոն 493 հազար 681 դրամ ավելի գումարներ են վճարվել և յուրացվել։ Այդ մասին տեղեկացնում է ոստիկանությունը։
Դրանց մի մասը վերականգնվել է աուդիտի, իսկ մյուս մասը՝ ծառայողական քննության ընթացքում։
Ոստիկանությունը նաև նշում է, որ բացի այդ, Դիլիջանի պահպանության բաժանմունքի հաշվապահի պարտականությունները ժամանակավոր կատարելիս Իջևանի պահպանության բաժնի նախկին հաշվապահը 2017 թվականի մայիս-օգոստոս ամիսներին իրեն ավելի է վճարել 4 միլիոն 522 հազար 448 դրամ, որը վերականգնվել է ամբողջությամբ։ Տավուշի պահպանության բաժանմունքի նախկին հաշվապահը 2016 թվականի և 2017 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում իր աշխատավարձի հաշվեհամարին ավելի է վճարել ընդհանուր 380 հազար 857 դրամ, որը հետագայում վերականգնվել է ամբողջությամբ։ Ընդհանուր վերականգնված գումարը կազմում է 43 միլիոն 396 հազար 986 դրամ։
«Նկատի ունենալով այն հանգամանքը, որ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննությամբ բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել վերը նշված գումարները յուրացման միջոցով հափշտակելու և պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց արարքներում առերևույթ հանցագործության հատկանիշների առկայության վերաբերյալ, ծառայողական քննության նյութերն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նրանց արարքներին քրեաիրավական գնահատական տալու համար», - ասված է հաղորդագրությունում։