«Յուրաքանչյուր խոսքը կրակոց է»․ ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը՝ Սավելեւի հայտարարությունների մասին
Ադրբեջանում ՌԴ Պետդումայի պատգամավոր Դմիտրի Սավելեւի կատարած հայտարարությունները սպառնում են ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը։ Այս մասին ասված է Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան տարածած հայտարարության մեջ։
Ավելի վաղ Ադրբեջանում տեղի ունեցած համաժողովի ժամանակ Սավելեւը հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղը եւ «հարակից օկուպացված տարածքները» պետք է հանձնվեն Ադրբեջանին։ Դմիտրի Սավելևը, ինչպես նաև մի քանի ռուսաստանցի հասարակական ու քաղաքական գործիչներ Արցախին սահմանակից Ադրբեջանի Ջոջուղ Մարջանլի գյուղում մասնակցել են «Ադրբեջանը Հարավային Կովկասում Ռուսաստանի միակ բարեկամ» թեմայով համաժողովին, որից հետո այցելել են Լալե Թեփե բարձունքում տեղակայված ադրբեջանական դիրքեր:
Հայաստանի ԱԳՆ-ն Սավելեւի հայտարարությունները եւ ռուսաստանցի գործիչների այցը Լալե Թեփե բարձունք որակել էր որպես «տապալված շոու»։
ՌԴ-ում ՀՀ դեսպանատան հայտարարության մեջ ասված է, որ «Ռուսաստան-Ադրբեջան» միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ, պատգամավոր Դմիտրի Սավելեւի՝ ԼՂ հակամարտության վերաբերյալ հայտարարությունները տարբեր քննարկումների առիթ դարձան։ Այսպիսով դեսպանատունը մի քանի հարցեր է մատնաշնում։
«Ռուսաստանցի պատգամավորի հայտարարությունները չի կարելի անուշադրության մատնել, երբ մեր տարածաշրջանում փխրուն խաղաղության պահպանումը շատ կարեւոր է», - ասված է հայտարարության մեջ՝ հավելելով, որ այդ հայտարարությունները կատարվում են Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանության եւ առաջանգծում զինված բախումների ֆոնին, որոնց հետեւանքով երիտասարդ զինծառայողներ են զոհվում։
Այդ հայտարարությամբ, հայտնում են ՀՀ դեսպանատնից, ռուսաստանցի պատգամավորը ակնհայտորեն անտեսում է տարածաշրջանում կայունության եւ խաղաղության ուղղությամբ Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության տարիներ շարունակ ներդրած ջանքերը։
«Ռուսաստանցի պատգամավորը պետք է հիշի, որ փխրուն խաղաղության պայմաններում յուրաքանչյուր խոսքը՝ կրակոց է, որը կարող է կրկնապատկել իրավիճակի էսկալացիայի ռիսկերը՝ սպառնալով խաղաղ բանակցային գործընթացին», - ասված է հայտարարության մեջ։