Լարսում հայկական բեռնատարների կուտակման պատճառը վրացական անցակետում ներդրված համակարգն է
03.07.2018
Լարսում հայկական բեռնատարների կուտակումը կապված է վրացական անցակետում ներդված նոր համակարգի հետ: Այս մասին ասել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Առաքելյանը:
"Խնդիրը կապված է վրացական անցակետում ներդրված համակարգի հետ, որը ենթադրում է հերթի ամրագրում: Նախարարության աշխատակիցները բանակցում են վրացի և ռուս գործընկերների հետ՝ Լարսի անցակետում հայկական բեռնատարների կուտակումների խնդրի հետ կապված",- տեղեկացրեց նա:
Անահիտ Առաքելյանն ասաց, որ տեղյակ չէ, թե այս պահին քանի մեքենա է կուտակված անցակետում:
Հիշեցնենք, որ լրատվամիջոցները տեղեկատվություն էին տարածել, որ Լարսի անցակետում մոտ 1500 հայկական բեռնատար է կուտակվել, որոնք բեռնված են գյուղմթերքով:
Համացանցում բեռնատարի վարորդներից մեկը տեսանյութ է հրապարակել, որտեղ ասում է, որ վարորդներից շատերը արդեն 7 օր է անցակետում են: