«Հարավկովկասյան երկաթուղիներ»-ով բեռնափոխադրման ծավալները աճել են․ նախարարը՝ ՌԴ դեսպանին
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան պատվիրակությանը` արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի գլխավորությամբ։
Ինչպես հայտում են նախարարության մամուլի ծառայությունից, կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության ուղղությունները։ Նախարարը հույս է հայտնել, որ արդյունավետ փոխգործակցության շնորհիվ հայ-ռուսական բազմամյա տնտեսական հարաբերություններն առավել կամրանան։
Որպես արտաքին առեւտրաշրջանառության ակտիվացման լավ օրինակ՝ նախարարը նշել է «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության կողմից անցած տարվանից կազմակերպվող լաստանավային, ապա երկաթգծով` մուլտիմոդալ բեռնափոխադրումները։
Աշոտ Հակոբյանի խոսքով` գործընթացի մեկնարկից ի վեր այս տարբերակով բեռնափոխադրման ծավալները զգալի աճել են։
Քննարկվել են նաեւ նախարարության գործունեության մյուս ոլորտներին առնչվող` այդ թվում տիեզերական տարածության շուրջ հետազոտման եւ խաղաղ նպատակով օգտագործմանը վերաբերող հարցեր, ինչպես նաեւ բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ուղղությունները։