25.11.2024
Ռուսաստանի հետ հարաբերությունները մեզ համար կենսական նշանակություն ունեն․ գյուղնախարար
prev Նախորդ նորություն

Մամուլ. Կարեն Կարապետյանը կստեղծի նոր կուսակցություն ու դա կլինի ՀՀԿ վերջը

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժամանակ» թերթը գրում է. «Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը դեռևս շարունակում է մնալ ՀՀԿ առաջին փոխնախագահ, բայց դա միայն այն պատճառով, որ նա դեռ չի կողմնորոշվում, թե ինչպես է շարունակելու իր քաղաքական գործունեությունը: Նրան համոզում են մնալ ՀՀԿ-ում և փորձել միասին ոտքի հանել կուսակցությունը, բայց մյուս կողմից՝ Կարապետյանը տեսնում է, որ այդ կուսակցությունը օր օրի ավելի է քայքայվում և որպես քաղաքական պրոյեկտ դառնում անհեռանկար: Կարապետյանը իր ռուսական հովանավորների հետ կարող է ձեռնամուխ լինել նոր կուսակցության ձևավորմանը: Տեղեկություններ կան, որ «Տաշիր խմբի» սեփականատեր Սամվել Կարապետյանի ներկայացուցիչները շարունակում են նոր կուսակցության ստեղծման շուրջ բանակցությունները տարբեր անհատների և խմբավորումների հետ: ՌԴ իշխանություններն ունեն երկու ծրագիր` մաքսիմում տապալել Նիկոլ Փաշինյանի կառավարությունը և իշխանության բերել իրենց կողմից վերահսկելի քաղաքական ուժի, կամ գոնե առաջին փուլի համար ձևավորել ուժեղ ընդդիմություն, որը ցանկացած պահի կկարողանա օգտագործել հասարակական դժգոհությունը, և համաժողովրդական շարժման միջոցով թավշյա հեղափոխություն իրականացնել: Հասարակական դժգոհության հասունացման հարցում Ռուսաստանը գործուն աջակցություն կցուցաբերի: Բայց եթե նախկին վարչապետը իրոք նոր կուսակցություն ստեղծի, որի հետևում կանգնած կլինի ռուսական կապիտալն ու Ռուսաստանի քաղաքական աջակցությունը, ապա դա իսկապես կլինի ՀՀԿ-ի վերջը»:


«Իրատես» թերթը գրում է. «Դատախազության 100-ամյակին ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկայի բացակայությունն ուրույն մեսիջ էր հայաստանյան պատկան մարմիններին, որ առանձնապես հիացած չեն իրենցով: Մյուս կողմից էլ պատկանները կարող են իրենց նոր տերերի մոտ գլուխ գովել, որ ամբողջովին «հեռու» են խաղում «ռուսական գծից»: Իսկ թե ինչու նախկին իշխանությունների «նշանակած» գլխավոր դատախազին նորերը հրաժարական չեն պարտադրում, պատճառները հետևյալն են. Արթուր Դավթյանը խիստ հլու կատարում է նոր իշխանությունների տված բոլոր առաջադրանքները (նման ծանր գործը երբեմնի թիմակիցների հանդեպ ոչ բոլորը կանեին), հաջորդ պատճառն այն է, որ եթե նոր իշխանությունների «նշանակած» դատախազն աներ դա, կասվեր՝ «քաղաքական հետապնդում է իրականացվում նախկինների հանդեպ (այս դեպքում՝ Դավթյանը ևս նախկին է): Եվ վերջապես՝ դատախազի ամենահավանական թեկնածուն Էդմոն Մարուքյանն է, իսկ Նիկոլ Փաշինյանը չի ուզում, որ Էդմոնը դատախազ դառնա»:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Իշխանությունը որոշել է ոստիկանության ներքին զորքերին ուղարկել սահման՝ ծառայելու։ Չնայած «Ներքին զորքերի մասին» օրենքով ներքին զորքերի խնդիրներից է նաեւ «պաշտպանությանը մասնակցելը», սակայն նախկին իշխանությունը նրանց օգտագործել է ընդդիմադիր հավաքները ճնշելու համար։ Շաբաթ օրը Վալերի Օսիպյանը հանդիպել է ստորաբաժանման հետ եւ հայտնել, որ ՊՆ-ից առաջարկ է ստացել ու համաձայնել, թեեւ որոշումը Նիկոլ Փաշինյանինն է։ Միայն մեկ ստորաբաժանումն է դժգոհություն հայտնել։ Օսիպյանն ասել է, որ օգոստոսի 15-ից 15-օրյա հերթափոխով կգործուղվեն Արցախ՝ սահմանները պաշտպանելու, այդ օրերի համար նաեւ հավելավճար կստանան։ Ոստիկանությունից հաստատեցին հանդիպման փաստը, ասացին, որ երբ լինի նման որոշում, կհրապարակեն»։

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Սերժ Սարգսյանն իր ծննդյան օրն անցկացրել է Ծաղկաձորում, ինչպես միշտ՝ ընտանեկան միջավայրում, ընտանիքի անդամների եւ ընտանիքին մոտ կանգնած մի քանի հյուրերի հետ։ Օրվա ընթացքում նրան են այցելել մտերիմները, այդ թվում եւ՝ ղարաբաղյան բարձր շրջանակներից, ՀՀԿ կուսակիցները։ Այս անգամ բոլորը մեկ մարդու նման իրենց պարտքն են համարել զանգահարել եւ շնորհավորել, «մի քանի բառ փոխանակել» նրա հետ։ Ֆեյսբուքում եւ էլեկտրոնային եղանակով են շնորհավորանքներ հղել, ինչի համար դաժան քննադատության արժանացան ոմանք, մասնավորապես՝ Արմեն Աշոտյանը։ Հարցին՝ այս անգամ ե՞ւս, ինչպես մյուս բոլոր տարիներին, դուք առանց հոբելյարի հավաքվեցիք ռեստորաններից մեկում՝ նշելու «վոժդի» տարեդարձը, մեզ հետ զրուցող ՀՀԿ ԳՄ անդամն ասաց․ «Քանի որ երկուշաբթի տեղի էր ունենալու ԳՄ նիստ, այս անգամ հարմար գտանք այդտեղ շնորհավորել իրեն․ դա էլ է հին սովորույթներից»։ Իսկ ինչո՞ւ եք երկուշաբթի օրով ԳՄ հրավիրում։ «Նախորդ անգամվանից հարց էր մնացել, ոմանք բացակայում էին՝ դրա համար»։ Նախիջեւանի կուտակումների՞, որոշ պատգամավորների անձեռնմխելիությունից զրկելո՞ւ, Կարեն Կարապետյանին փոխարինող գտնելո՞ւ, ո՞ր հարցն է այդպես շտապ հավաքի առիթ դարձել։ «Թվարկվածից ոչ մեկը․ քննարկվող հարցը բարձրաձայնման ենթակա չէ»։ Իսկ ե՞րբ տեղի կունենա ՀՀԿ խորհրդի նիստը։ «Ոչ շուտ»։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակազմի ղեկավար Արմեն Միրզոյանը, ով երկար տարիներ պետական պաշտոններ է զբաղեցրել, հասցրել է այդ ընթացքում բավականին լուրջ ունեցվածք կուտակել: «Ժողովուրդ» օրաթերթը նրա ներկայացրած պաշտոնական հայտարարագրից տեղեկացավ, որ նրա դրամական միջոցները կազմում են 75 մլն դրամ, 330 հազար դոլար եւ 18 հազար եվրո: Իսկ որպես եկամուտ նա հայտարարագրել է իր աշխատավարձը, որը անցած տարում ամսական կազմել է մոտ 508 հազար դրամ: Նշենք, որ պաշտոնը ստանձնելու հայտարարագրում նշված է, որ Միրզոյանն ունի մեկ բնակարան: Նրա տիկնոջ` Հասմիկ Բադալյանի դրամական միջոցները ավելին են` 15 մլն դրամ, 9 մլն դոլար, 7000 եվրո եւ 250 հազար ռուսական ռուբլի: Որպես եկամուտ պաշտոնյայի կինը հայտարարագրել է տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսը` 2 հազար դոլարի չափով, եւ ամսական 16 հազար դրամ կենսաթոշակը: Թե ինչպես է հաջողացրել Արմեն Միրզոյանը այսքան դրամական միջոց կուտակել, բնականաբար, պաշտոնական հայտարարագրում ոչինչ չկա նշված: Բայց Արմեն Միրզոյանի կենսագրական տվյալներին ծանոթանալիս պարզ է դառնում, որ նա, դեռեւս 2003 թվականից սկսած, պետական պաշտոն է զբաղեցրել, եւ այդ պաշտոններն էլ հավանաբար օգնել են հարստանալու: Նա այդ տարում սկսել է ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության վերահսկողության վարչության տեսչական բաժնի գլխավոր հարկային տեսուչից, 2006-2007 թվականներին եղել է Չարենցավանի, իսկ 2007-2009-ին` Դավիթաշենի տարածքային հարկային տեսչության պետը»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Էլայզեռ» ընկերության անունը շատերին հայտնի դարձավ դեռեւս անցյալ տարի, երբ ԱԱԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակներում հայտարարվեց, թե 2016-2017թթ. ընթացքում ՊՆ-ի կարիքների համար սերուցքային կարագի փոխարեն մարգարին ու սպրեդ է մատակարարվել: Այս գործով դեռ կալանքի տակ է ընկերության ներկայացուցիչ Անդրանիկ Հայրապետյանը: Բայց նրա եղբոր՝ Արման Հայրապետյանի ներկայացրած փաստերից միանգամայն այլ պատկեր է ստացվում. Վիգեն Սարգսյանի պաշտոնավարման օրոք պաշտպանության նախարարության աշխատակազմը որոշել է, թե իբր մատակարարված կարագն իրականում սպրեդ ու մարգարին է, բայց հետո ՊՆ-ն օգտագործել է 180 տոննա ապրանքի զգալի մասը՝ 160 տոննան: Իսկ այս ողջ պատմությունը սարքվել է այն բանի համար, որ ՊՆ-ն խզի «Էլայզեռի» հետ մատակարարման պայմանագիրը եւ չվճարի դեռեւս չվճարված ապրանքի դիմաց: «Քանի որ ԱԱԾ կողմից կատարված փորձաքննություններից հետո ՊՆ-ն նոր փորձաքննությունների է ենթարկել այդ ապրանքը, այդ թվում` արտերկրում, որոնց արդյունքներով պարզվել է, որ այդ ապրանքն իրականում կարագ է, ուստի եւ տրամադրվել է անձնակազմին»,- «Ժողովուրդ» օրաթերթին պատմել է Ա. Հայրապետյանը»:

«Փաստ» թերթը գրում է. «Որոշ նախարարներ լրատվամիջոցներով երևալու յուրօրինակ մրցման մեջ են: Դա անզեն աչքով էլ նկատելի է: Ավելին, նրանք այդ մրցավազքի մեջ հաճախ ժամանակ չեն ունենում զբաղվել իրենց հիմնական գործով: Բանն այն է, որ նրանք հրապարակային գործելաոճ որդեգրելու հստակ հրահանգ են ստացել վարչապետ Նիկոլ Փաշինյանից և սկսել են իրար հետ մրցակցել, թե ով ավելի լավ կկատարի շեֆի հրահանգը: Մեր ունեցած տեղեկություններով, այդ մրցակցությունն ավելի է ուժեղացել, երբ պարզվել է, որ Փաշինյանին պարբերաբար ներկայացնում են զանգվածային լրատվամիջոցներում ու սոցցանցերում նախարարների ակտիվության ցուցանիշի առումով մոնիթորինգի տվյալները: Երեկ գնահատման համակարգերից մեկը հրապարակել էր տվյալներ, ըստ որոնց լուսաբանման առումով «առաջամարտիկը» կրթության և գիտության նախարարն է, նրան հետևում են արտաքին գործերի և պաշտպանության նախարարները: Մեր աղբյուրները պնդում են, որ սոցցանցերում պատկերը փոքր-ինչ այլ է, և հենց այս երկուսի համադրությամբ իրավիճակն էլ ներկայացվում է վարչապետին: Արդյունքում նախարարական մրցավազքը հաճախ ուղղակի կատաղի բնույթ է ստանում՝ իրենց իսկ շեղելով բուն գործից»: