Վարչապետի կոչով արտասահմանից 300 երիտասարդ է վերադարձել բանակում ծառայելու համար․ ԳՇ պետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով արտասահմանից վերադարձած 300 երիտասարդներ ունենք, որոնք այժմ պատրաստ են ծառայության։
Այս մասին հուլիսի 2-ին ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանում լրագրողների հետ զրույցում հայտնեց Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը։ Նա հավելոց, որ վերադարձածներից 156 հոգին նախկինում զինվորական ծառայությունից խուսափած մարդիկ են։
«Նիկոլ Փաշինյանի կոչով արտասահմանից վերադարձած 300 հոգի ունենք, նրանցից 156 հոգին նախկինում զինվորական ծառայությունից խուսափած մարդիկ են, որոնք ներկայացել են եւ պատրաստ են անցնել ծառայության»,–նշեց նա։
ԳՇ պետն ասաց, որ նրանց զորակոչումն իրականացվում է այն նույն հավասար սկզբունքներով, ինչ մյուս զորակոչիկներինը։ «Որեւէ խնդիր այս պահին չկա»,–եզրափակեց նա։
Ավելի վաղ ՀՀ վարչապետը ֆեյսբուքյան ուղիղ եթերներից մեկի ժամանակ դիմել էր արտերկրում գտնվող զորակոչային տարիքի ՀՀ քաղաքացի բոլոր երիտասարդներին, նրանց ծնողներին, որ «այդ բոլոր տղաներն առաջիկա քսան օրվա ընթացքում վերադառնան Հայաստան եւ մեկնեն ժամկետային զինվորական ծառայության, իրենց պարտքը կատարեն Հայրենիքի առաջ»։
Նա հավաստիացրել էր նաեւ, որ կարգադրություն կանի, որ բանակ մեկնելու համար վերադարձող երիտասարդների նկատմամբ, օրենքի սահմաններում, իրավական ընթացակարգեր չիրականացվեն, որովհետեւ հնարավոր է, որ նրանցից ոմանց նկատմամբ հետախուզում է հայտարարված։