Ադրբեջանում «լայնամասշտաբ զորավարժություններ» են մեկնարկել
Ադրբեջանում այսօր մեկնարկել են «լայնամասշտաբ զորավարժություններ՝ բանակի տարբեր զորատեսակների, զորամիավորումների, հատուկ զորքերի ներգրավմամբ»: Այս մասին հաղորդում է APA լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Ըստ հաղորդագրության՝ զորավարժություններին, որոնք անցկացվում են երկրի նախագահի հաստատած պլանով և կշարունակվեն մինչև հուլիսի 6-ը, մասնակցում է մինչև 20 հազար զինծառայող, ներգրավված է 120 տանկ և այլ զրահատեխնիկա, տարբեր տրամաչափերի ավելի քան 200 հրթիռահրետանային կայանք, համազարկային կրակի ռեակտիվ համակարգ և ականանետ, 30 միավոր ավիացիա:
Զորավարժությունների սցենարով նախատեսված է, մասնավորապես, «օկուպացված տարածքների ազատագրման նպատակով լայնամասշտաբ հարձակողական գործողության անցկացում», ասված է հաղորդագրությունում: