Նախիջեւանի հետ սահմանին ՀԱՊԿ-ի ուժերի տեղակայման անհրաժեշտություն չկա․ Բալայան
Նորություն չէ, որ Ադրբեջանը գործում է անպատասխանատվության սկզբունքով՝ իր կողմից պարտավորությունների չկատարմամբ։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով Նախիջեւանի հատվածում հակառակորդի ակտիվությանը՝ ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
Նա վստահեցրեց, որ Ադրբեջանի պահվածքի հարցը բարձրացրել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ ԵԱՀԿ-գործընկեր-երկրների առաջ. «Համանախագահները մեծ անելիք ունեն, որովհետեւ չանսալով նրանց հորդորներին՝ Ադրբեջանը արհամարհում է ԵԱՀԿ-ին»: Տիգրան Բալայանի խոսքով՝ Նախիջեւանում կատարվածի մասին հայկական կողմը տեղյակ է պահել նաեւ ՀԱՊԿ գործընկերներին:
Ինչ վերաբերում է փորձագիտական գնահատականներին, թե ՀՀ-ի եւ Նախիջեւանի հատվածի սահմանին պետք է ՀԱՊԿ-ի զորամիավորումներ տեղակայել, Տիգրան Բալայանը նկատեց. «Չեմ կարծում, որ ՀՀ ԶՈՒ-ն աջակցության կարիք ունի Նախիջեւանի հատվածում վերահսկողությունը պահպանելու համար»: Բալայանի բնորոշմամբ՝ նշյալ սահմանին այլ երկրների զորամիավորումներ տեղակայելու կարիք չկա. «Այդ պարտականության կատարումը մեր զինված ուժերի վրա է, եւ մենք արդյունավետ ու վստահ իրականացնում ենք դա»:
Հիշեցենք, որ հունիսի 30-ի երեկոյան և հուլիսի 1-ի առավոտյան Ադրբեջանական ԶՈւ-երը Նախիջևանյան ուղղությամբ որոշ տեղամասերում փորձել են դիրքային ամրապնդման ինժեներական աշխատանքներ իրականացնել, ինչին ի պատասխան ՀՀ ԶՈւ-երը պատասխան կրակ են բացել և թույլ չեն տվել հակառակորդին կատարել իր խնդիրը:
«Հայկական կրակից ամբողջությամբ ավերվել ու այրվել է հակառակորդի դիրքերից մեկը: Փոխհրաձգության ընթացքում թեթև (աննշան) վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայող, 1974 թ. ծնված Վահագն Սամվելի Բաղդասարյանը»,– Facebook-յան իր էջում գրել էր Արծրուն Հովհաննիսյանը։