Քանի մենք տարված ենք կոռուպցիայի դեմ շռնդալից պայքարով, հակառակորդը պատրաստվում է երկու ճակատով պատերազմի մեր դեմ, այս անգամ օգտագործելով Նախիջևանում կուտակված թուրք-ադրբեջանական համատեղ հարվածային ռեսուրսը։ Նման կարծիք է հայտնել ԱրԱր հիմնադրամի նախագահ Ավետիք Չալաբյանը՝ մեկնաբանելով Նախիջեւանի ուղղությամբ ադրբեջանական զորքերի ակտիվացումը։
Հունիսի 30-ի երեկոյան և հուլիսի 1-ի առավոտյան Ադրբեջանական ԶՈւ-երը Նախիջևանյան ուղղությամբ որոշ տեղամասերում փորձել են դիրքային ամրապնդման ինժեներական աշխատանքներ իրականացնել, ինչին ի պատասխան ՀՀ ԶՈւ-երը պատասխան կրակ են բացել և թույլ չեն տվել հակառակորդին կատարել իր խնդիրը:
«Հայկական կրակից ամբողջությամբ ավերվել ու այրվել է հակառակորդի դիրքերից մեկը: Փոխհրաձգության ընթացքում թեթև (աննշան) վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայող, 1974 թ. ծնված Վահագն Սամվելի Բաղդասարյանը»,– Facebook-յան իր էջում գրել էր Արծրուն Հովհաննիսյանը։
Չալաբյանի խոսքով, Նախիջևանը հակառակորդի պլաններում ունի մի քանի դերակատարում՝
ա) հեռահար հրետանու միջոցով սպառնալ Երևանին, հակակշռելու մեր ունեցած Իսկանդերներին, և խուճապ տարածելու խաղաղ բնակչության շրջանում
բ) սպառնալու Երևան-Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին, և խոչնդոտելու այդ ճանապարհով Արցախ ռազմական տեխնիկայի և ռեզերվների տեղափոխմանը
գ) պլան-մաքսիմումի դեպքում, օգտագործել այն որպես պլացդարմ նաև հարձակվելու Մեղրի վրա, Հայաստանը կտրելու Իրանից, և Թուրքիան միացնելու Ադրբեջանին Արաքսի հովտով մեծ պատերազմի դեպքում
«Երեկվա իրադարձությունները հայ-նախիջևանյան սահմանին ցույց են տալիս, որ այս սցենարը աստիճանաբար իրականություն կարող է դառնալ, և մեզ համար ստեղծել լրջագույն վտանգներ։ Այս վտանգներին հակազդելու համար, մենք այսօր ունենք մեր տրամադրության տակ մի քանի միջոց», - նշում է փորձագետն ու թվարկում այդ միջոցները։
ա) մեր կողմից սկսել ծանր հրետանու և հրթիռային միջոցների կուտակումը Նախիջևանի սահմանին, անհրաժեշտության դեպքում հակառակորդի Երևանին սպառնացող կրակակետերը արագ չեզոքացնելու նպատակով
բ) ՀԱՊԿ դաշնակցային սահմանափակ ուժերի տեղակայումը նույն զոնայում՝ որպես ռազմավարական ուղերձ հակառակորդին, որ ռազմական գործողությունների դեպքում այն բախվելու է ամբողջ կառույցին
գ) սեփական գրոհային ստորաբաժանման նախապատրաստում՝ լայնամասշտաբ պատերազմի դեպքում նախաձեռնությունը մեր ձեռքը արագ վերցնելու համար
«Արցախյան առաջին պատերազմում մենք հաղթեցինք, քանի որ շատ արագ դուրս եկանք պաշտպանվողի տրամաբանությունից, և սկսեցին նախաձեռնողական գործողություններով մեր կամքը պարտադրել հակառակորդին։ Հիմա եթե հակառակորդը որոշի սպառնալ Երևանին և Հայաստանի սիրտը հանդիսացող Արարատյան դաշտին, դա բավարար լեգիտիմ առիթ է՝ պատերազմը նորից տեղափոխելու հակառակորդի տարածք։ Մեզ անհրաժեշտ է լինելու այդ դեպքում առանց վարանման առաջ գնալ 20-30 կմ՝ դրանով փակելով թե Թուրքիայի հետ հակառակորդի հաղորդակցության խողովակը, թե պաշտպանել Երևանը հեռահար հրետանուց, և թե նորից անվտանգ դարձնել մեր ռազմավարական ճանապարհները։
Համոզված եմ, որ մեր այսօրվա քաղաքական ղեկավարությունը, թեև ավելի շատ զբաղված է լրիվ այլ խնդիրներով, քարտեզի վրա ևս մեկ-մեկ նայում է, և հասկանում է, թե ինչի մասին է խոսքը։ Համոզված եմ նաև, որ մեր բանակի ղեկավարությունը այս խնդիրը ավելի քան լավ գիտակցում է, և պատրաստ է նախաձեռնությունը իր ձեռքը վերցնելու։ Եթե հակառակորդը հասկանա, որ մենք չենք վարանի, և կգնանք առաջ, նա հազար անգամ կմտածի մինչև Երևանի վրա գեթ մեկ կրակոց արձակելը։ Պատերազմից խուսափելու ամենալավ ձևը նրան լավ պատրաստվելն է, և ժամանակի հաշվարկը արդեն սկսվել է։ Բոլորիդ ցանկանում եմ, որ լավ պատրաստվեք ապագային, այն դեպքում այն կլինի մեր ձեռքերում», - եզրափակում է նա։