ԵԽԽՎ-ում ներկայացվեց կոռուպցիոն գործընթացների վերաբերյալ զեկույց
ԵԽԽՎ-ի կողմից ստեղծված հետաքննող անկախ մարմինը Վեհաժողովի գարնանային նստաշրջանի ընթացքում ներկայացրեց ԵԽԽՎ-ում կոռուպցիոն գործընթացների վերաբերյալ իր զեկույցը։ Զեկույցին անհապաղ անդրադարձավ Վեհաժողովի Կանոնակարգի հարցերի հանձնաժողովը։ Այս մասին տեղեկացնում է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը:
Նրա խոսքով, ԵԽԽՎ ամառային նստաշրջրջանի ընթացքում Վեհաժողովի Կանոնակարգի հարցերի հանձնաժողովը շարունակեց կոռուպցիայի վերաբերյալ զեկույցի բացահայտումների շուրջ իր աշխատանքը։ Մասնավորապես՝ հանձնաժողովը սահմանեց պատժամիջոցներ զեկույցում նշված պատգամավորների հանդեպ՝ տարանջատելով ներկա եւ նախկին պատգամավորներին: Դիտարկվեցին 14 նախկին պատգամավորների գործերը, որոնց թվում են՝ Ագուստին Կոնդեն, Ալան Դեստեքսը, Լուկա Վոլոնտեն, Կարին Շտրենցը, Էլխան Սուլեյմանովը, Գորան Լինդբլադը, Տադեուշ Իվինսկին եւ այլոք։
«Յուրաքանչյուր պատգամավորի դեպքը ուսումնասիրելուց եւ յուրաքանչյուր պատգամավորի կողմից Կանոնակարգի խախտման աստիճանը որոշելուց հետո՝ հանձնաժողովը սահմանեց հետեւյալ պատժամիջոցները՝ պատվավոր անդամի կոչումից զրկում, Եվրոպայի խորհուրդ եւ խորհրդարանական վեհաժողով մուտք գործելու իրավունքից ըմդմիշտ զրկում։ Հանձնաժողովը շարունակելու է իր աշխատանքներն այս ուղղությամբ եւ հետամուտ է լինելու կոռուպցիայի վերաբերյալ զեկույցի յուրաքանչյուր բացահայտմանը»,- Facebook-յան իր էջում գրել է Հովհաննիսյանը։