Բողոքի ակցիա Պրահայում՝ ընդդեմ Ադրբեջանին «Չեխոսլովակ գրուպի» կողմից զենքի վաճառքի
«Դադարացրեք Ադրբեջանին զենքի վաճառքը», «Սլովակիա, հարգիր զենքի վաճառքի էմբարգոն», «Սլովակիա, ենթարկվիր ԵՄ էմբարգոյին», «Սլովակիա, զենք մի վաճառիր Ադրբեջանին», «Մի խրախուսիր արյունահեղության շարունակությանը» եւ այլ կոչերով տասնյակից ավելի հայ երիտասարդներ եւ չեխահայ համայնքի անդամներ այսօր առավոտյան նախ բարձրաձայնեցին «Չեխոսլովակ գրուպ» ընկերության կենտրոնական գրասենյակի դիմաց, ապա շարունակեցին բողոքի ակցիան Պրահայում Սլովակիայի դեսպանության դիմաց։ Այս մասին գրում է չեխական Օրեր պարբերականը:
Սլովակիայի դեսպանությունը վերահսկում էր չեխական ոմտիկանությունը, իսկ Չեխիայի հայ երիտասարդական միության կազմակերպած ակցիան անցավ խաղաղ մթնոլորտում։
Աղբյուրը հիշեցնում է, որ «Չեխոսլովակ Գրուպի» արտադրած «Դանա» հաուբիցները անօրինական ճանապարհով շարունակվում են վաճառվել Ադրբեջանին: Այս վաճառքը խախտում է Հայաստանին և Ադրբեջանին զենքի վաճառքի Եվրամիության սահմանած էմբարգոն: Վաճառքն իրականացվում է Սլովակիայի կառավարության հաստատած լիցենզիայով:
Այժմ չեխահայ երիտասարդները պատրաստվում են նաեւ համացանցային բողոքի ակցիա սկսել, այդպիսով ներգրավելով ավելի լայն խավերի։