Բելառուսը պատրաստ է մերձենալ Եվրամիության հետ. Независимая газета
Բելառուսը պատրաստ է մերձենալ Եվրամիության հետ և անգամ քաղաքական բարեփոխումներ անել, եթե Եվրոպան օգնի գումարով: Այդ մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ Մինսկում հանդիպելով ԵՄ հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանի հետ, գրում է «Независимая Газета-ն:
«Մենք կպնդենք, որ Եվրամիությունը նույնկերպ բաց լինի մեզ համար, ինչպես մենք ենք բաց ձեզ համար»,- հայտարարել է Ալեքսանդր Լուկաշենկոն՝ խոսելով որպես տարանցիկ պետություն Բելառուսի դերի մասին: Որքան էլ Բելառուսի համար դժվար է եղել, այն միշտ եղել է «Եվրամիության համար լավ տարանցիկ պատուհան»,- ընդգծել է նա:
Լուկաշենկոն խոստովանել է, որ որոշել է՝ պետք չէ միմյանց նայել ցանկապատերի միջոցով: «Մենք չենք խնդրել մտնել Եվրամիություն, բայց մենք կուզենայինք, որ ԵՄ-ի հետ ունենայինք այնպիսի հարաբերություններ, որոնց գուցե կնախանձեին անգամ ԵՄ անդամները: Եվ եթե Եվրամիությունը դրան պատրաստ է, մենք պատրաստ ենք անցնել այդ ճանապարհը»,- ասել է Լուկաշենկոն:
Նա նաև ընդգծել է, որ լավ կլինի չսպասել, որ «ինչ-որ հանգամանքներ, իրադարձություններ» ստիպեն իրենց վերականգնել «սերտ և բարի հարաբերությունները»:
Բելառուս վերլուծաբանները վստահություն են հայտնել, որ ԵՄ-ի հետ մերձենալու մասին Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունների վճռականությունն ուղղակիորեն կապված է Ռուսաստանի հետ վերջին շրջանում բանակցություններում դրական արդյունքների բացակայության հետ: Մինսկում կարծում են, որ հայտարարությունները կարող են հաշվարկված լինել ռուսական ղեկավարության համար, որը պետք է լսի և վերանայի Բելառուսի շահերը հաշվի չառնելու իր քաղաքականությունը: