27.11.2024
Ազգային Ժողովը նաև կողմ քվեարկեց Մանվել Գրիգորյանին ազատությունից զրկելու միջնորդությանը
prev Նախորդ նորություն

Ես տեղյակ չեմ, թե ինչպես է զինվորին հասանելիքը հայտնվել Մանվել Գրիգորյանի մոտ. Օհանյան

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, գեներալ Մանվել Գրիգորյանի գործից տպավորությունները շատ վատն են և դա իր համար մեծ ցավ է:


«Մանվել Գրիգորյանին ճանաչել ենք որպես մարտական, ծառայողական ընկեր, որն Արցախյան ազատամարտի ժամանակ բավական լուրջ ներդրում և արժանիքներ է ունեցել: Բայց տվյալ երևույթն, ինչպես ամբողջ ժողովրդի համար, այնպես էլ մեր համար, նաև՝ իմ, շատ մեծ ցավ է։ Տպավորությունները վատն են։ Կարծում եմ, որ հաշվի առնելով անմեղության կանխավարկածը՝ պետք է սպասել, թե իրավապահ մարմինները ինչ կասեն, որովհետև, բավականին լուրջ ընթացակարգեր պետք է անցնեն ամբողջությամբ պարզելու իրողությունները», - ասել է Սեյրան Օհանյանը։


Նրա խոսքով, ինքը  ցավ է ապրում, քանի որ այդ ամենը տարվել է մեր զինվորից։ Իրեն հտկապես ցավ ու տհաճություն է պատճառել երեխաների նամակների առկայությունը.


«Հատկապես աշակերտների նամակների առկայությունը, որոնք իրենց սիրտն էին բացել մեր զինվորների առջև... Իհարկե, երևույթը տհաճ է։ Բայց պետք է պարզաբանումներ լինեն, որովհետև մատակարարման խնդիրները մի քանի հարթության վրա են իրականացվում: Պաշտպանության նախարարությունն իրականացնում է գնումների գործընթաց և նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի միջոցով՝ անմիջապես զորամասեր, և գլխավոր շտաբի թիկունքի վարչության միջոցով է իրականացնում մատակարարումը։ Բայց թե ինչպես են դրանք հայտնվել Երկրապահ կամավորականների մոտ, սա պետք է լուրջ ուսումնասիրվի, որովհետև իրենք մասնակցել են տարբեր հավաքների և զորահավաքային պատրաստության: Ես տեղյակ չեմ, թե ինչպես է զինվորին հասանելիք սնունդը և հագուստը հայտնվել Մանվել Գրիգորյանի մոտ», - նշել է պաշտպանության նախկին նախարարը՝ հավելելով, որ օգնությունների հարցով զբաղվում էր հանձնախումբ, որը համապատասխան ուղղությամբ բաշխումներ է իրականացրել։ Եվ այս հարցը պետք է ճշտվի նաև Արցախի  ղեկավարությունից: