28.11.2024
Անհանգստանալու կարիք չկա. Ադրբեջանն իր տարածքում զորքերի տեղաշարժ է իրականացնում. ՊՆ
prev Նախորդ նորություն

Եվրոպական խորհրդարանը շուտով կվավերացնի համաձայնագիրը. հուսով են ՀՀ-ն ու եվրոպացիները

Հունիսի 18-ին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Եվրոպական խորհրդարանի պատվիրակությանը՝ ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ ՄքԱլիսթերի գլխավորությամբ:


Եվրոպական խորհրդարանի պատվիրակության կազմում էին Գերմանիայի, Միացյալ Թագավորության, Ռումինիայի, Խորվաթիայի, Սլովակիայի, Կիպրոսի և Լիտվայի տարբեր քաղաքական ուժեր ներկայացնող խորհրդարանականները:


Ինչպես հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից, ԱԳՆ ղեկավարը ողջունեց եվրոպացի խորհրդարանականների պարբերական այցերը Հայաստան՝ կարևորելով Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների շրջանակներում խորհրդարանական համագործակցության հարթակը:


Եվրոպացի խորհրդարանականները շնորհակալություն հայտնեցին ընդունելության համար՝ ընդգծելով, որ Եվրոպական խորհրդարանը մեծ կարևորություն է տալիս Հայաստանի հետ հարաբերություններին, և այցը լավ առիթ է՝ անդրադառնալու ՀՀ-ԵՄ օրակարգի բազմաոլորտ հարցերին, ինչպես նաև առաջին ձեռքից ծանոթանալու Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին:


Նշելով, որ ապրիլի 11-ին Հայաստանի Ազգային Ժողովը միաձայն վավերացրել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը՝ զրուցակիցները հույս հայտնեցին, որ Եվրոպական խորհրդարանը շուտով կվավերացնի համաձայնագիրը։


Հանդիպման մասնակիցները կարևորեցին Հայաստան-Եվրամիություն մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման երկխոսության մեկնարկը։


ԱԳ նախարարը զրուցակիցներին տեղեկացրեց, որ վաղը մեկնելու է Բրյուսել, որտեղ մասնակցելու է ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի առաջին նիստին, ինչպես նաև հանդիպումներ է ունենալու Եվրամիության բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների հետ:


Հյուրերի խնդրանքով ԱԳ նախարար Մնացականյանը հանգամանալից անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծման գործընթացի շուրջ հայկական կողմի մոտեցումներին և առաջնահերթություններին՝ ընդգծելով գործընթացի առաջմղման համար խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորման անհրաժեշտությունը։


ՀՀ ԱԳ նախարարը եվրախորհրդարանականներին ներկայացրեց Հայաստանի հարաբերությունները հարևան երկրների հետ, ինչպես նաև երկրի դիրքորոշումը տարածաշրջանային խնդիրների և դրանց լուծման ուղիների շուրջ։