Նախարարը չի բացառում, որ ՌԴ կողմից գազի գնի թանկացման դեպքում գազ գնենք Իրանից
Եթե Ռուսաստանը թանկացնի Հայաստանին մատակարարվող գազի գինը, ապա հնարավոր է Հայաստանը գաղ գնի Իրանից: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը:
Նա նշել է, որ Ռուսաստանի հետ գազի սակագնի վերաբերյալ գործող պայմանագիրն ավարտվում է 2018-ին և արդեն նոյեմբերին այնթարմացվելու շուրջ քննարկումներ կմեկնարկեն: Առանցքայինն այն է, որ Հայաստանը շահագրգռված է, որպեսզի հանրապետություն էժան գազ ներկրվի:
«Նոր պայմանների շուրջ քննարկումները կսկսվեն նոյեմբերին: Հնարավոր է գնի բարձրացում, թե՝ ոչ, եկեք այս պահին ես դրան չանդրադառնամ: Գազի գնի վերաբերյալ քննարկումները կսկսվեն և համապատասխան առաջակներ կլինեն», - ասել է նախարարը: Իսկ ահա դիտարկմանը, թե հնարավոր է Հայաստանը Իրանից գազ սկսի գնել, եթե Մոսկվան գազի գինը թանկացնի, Գրիգորյանն արձագանքել է.
«Եթե Ռուսաստանը գնա նման քայլի՝ ամեն ինչ հնարավոր է: Մենք շահագրգռված ենք, որ ներկրենք էժան գազ»,- ընդգծել է նա:
Հիշեցնենք, 2016 թվականի ապրիլից ռուսական գազը մատակարարվում է 150 դոլար 1000 խմ դիմաց: Այս գինը ամրագրվել է մինչև 2018 թվականի ավարտը: Մինչդեռ դեռ մայիսի վերջին նախարար Գրիգորյանը հայտարարել էր, որ իրանական գազը սահմանին ավելի թանկ է, քան ռուսականը՝վերջին տվյալներով իրանականը սահմանին առաջարկվել է 165 ԱՄՆ դոլար 1000 խմ դիմաց: