ԱՄՆ–ի պետքարտուղարության ներկայացուցիչ Հիզեր Նոյերթը հայտարարել է, որ ԱՄՆ–ն պետք է պետությունների լայն կոալիցիա ձևավորի` «Իրանի ապակայունացնող քաղաքականության» դեմ պայքարելու համար։
ԱՄՆ–Իրան դիմակայությունը Թրամփի վարչակազմի օրոք էլ ավելի է սրվում ու հնարավոր է, որ Վաշինգտոնը փորձի Իրանին մեկուսացնելու ու այդ պետության շուրջ քաղաքական, տնտեսական «բլոկադա» իրականացնելու համար այդ ռազմավարության մեջ ներգրավի նաև Իրանի անմիջական հարևաններին։
Այս տեսանկյունից ՀՀ–ն պետք է զերծ մնա «կամ Արևմուտք, կամ Իրան» ընտրության առջև կանգնելուց, քանի որ Իրանը Երևանի համար կարևորագույն հարևաններից է, ով ՀՀ–ի անկախությունից ի վեր կառուցել է բարիդրացիական հարաբերություններ` տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային, հումանիտար, մշակութային ոլորտներում։
ՀՀ–ի ազգային անվտանգության ու տարածքային ամբողջականության տեսանկյունից Իրանի կայունությունը, տարածքային ամբողջականությունն ունեն կենսական շահի նշանակություն։
Իրան–ԱՄՆ հակասությունների ֆոնին ամերիկյան «բազեները» կարող են փորձարկել Իրանն ազգային–կրոնական սահմաններով կազմաքանդելու`«Իրանի բալկանիզացիայի» ռազմավարությունն օգտագործել, ինչն ուղիղ հարված է ՀՀ–ի պետականության գոյությանը։ Հայկական պետականության համար հատկապես վտանգավոր է Իրանի հյուսիսում ադրբեջանական սեպարատիզմը`«Մեծ Ադրբեջանի» ստեղծման պանթուրքիստական գաղափարը, ինչը ժամանակ առ ժամանակ հնչում է Բաքվի ազգայնական շրջանակներից։
ՀՀ-ի համար կյանքի ճանապարհն՝ այլընտրանքային էներգետիկ-տրանսպորտային ուղին անցնում է Իրանի հենց ադրբեջանական շրջաններով՝ Արևելյան Ադրբեջան օսթանով (նահանգով), ինչը թուրք-ադրբեջանական հատուկ ծառայությունների սադրիչ գործողությունների, գործակալական ցանցի աշխատանքի հետևանքով կարող է խզվել, հատկապես ղարաբաղյան նոր պատերազմի ժամանակ:
ՀՀ-ի համար շատ կարևոր է Իրանի տարածքային ամբողջականության, ներքին կայունության պահպանումը, քանի որ դրանից է կախված նաև հայ-իրանական և իրանա-ղարաբաղյան սահմանի անվտանգությունը:
Պանթուրքիստական կոչերով հակաիշխանական ցույցերը ուղղորդվում են Թուրքիայից ու Ադրբեջանից։
Վերոնշյալ երկրների հատուկ ծառայություններն ակտիվորեն քարոզում են պանթուրքիստական, անջատողական, հակաիրանական տրամադրություններ՝ փորձելով այդ շրջանի ադրբեջանցիների մոտ տարածել «Մեծ Ադրբեջանի»՝Ադրբեջանի Հանրապետության և իրանական Արևելյան ու Արևմտյան Ադրբեջանների միացման գաղափարը։
ՀՀ-ի կենսական շահերից է բխում Իրանի պահպանումն այսօրվա սահմաններում, քանի որ Իրանի հյուսիսում հակահայկական, պանթուրքիստական, պանիսլամական, պանազերիական նոր սուբյեկտի ստեղծումն ավելի մեծ գլխացավանք կլինի, քան անգամ հայ-թուրքական փակ սահմանն ու Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությունը:
ՀՀ-ը չպետք է շրջապատվի թյուրքական օղակով հարավից, այսինքն Իրանի տարածքային ամբողջականությունն ՀՀ-ի համար նույնքան կարևոր է, ինչքան Հայաստանի տարածքային ամբողջականությունը: