Սիրիան ասել է, թե որ դեպքում կվերականգնվեն Թուրքիայի հետ հարաբերությունները
Դամասկոսն Անկարայի հետ հարաբերությունների կարգավորման հույս ունի, սակայն «դրա համար թուրքական իշխանությունները պետք է դադարեցնեն Սիրիայում ահաբեկիչներին աջակցելն ու դուրս բերեն զորքը երկրի տարածքից»։ Այդ մասին ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալոսւթյանն ասել է Սիրիայի փոխարտգործնախարար Ֆեյսալ Միկդադը։
Հիշեցնենք, որ երկրները դիվանագիտական հարաբերությունները խզել են 2012 թվականին։
Սիրիացի դիվանագետի խոսքով՝ երկու երկրների հարաբերությունները վատացել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մեղավորությամբ՝ նրա «քաղաքական հավակնությունների, կայսրության մասին երազանքի» պատճառով։
«Նա չի մտածում Սիրիայում զինված խմբավորումներին աջակցելու հետևանքների մասին։ Նա ոչնչացրեց հարևան պետությունը, և Թուրքիայի կողմից Աֆրինի օկուպացումը դրա վառ օրինակն է»,- ասել է Միկդադը։