24.11.2024
Նիկոլ Փաշինյանն առաջադրվեց ՀՀ վարչապետի թեկնածու
prev Նախորդ նորություն

ԵԱՏՄ, Արցախ, ապագա կառավարություն. ի՞նչ հարցեր են Փաշինյանի քննարկումների օրակարգում

Երբ դու ընդդիմություն ես, հնարավորություն չունես այս կամ այն կառույցում եղած խնդիրները քննարկել այդ կառույցի գործադիր մակարդակում: Իսկ երբ դու իշխանություն ես ներկայացնում, ապա հնարավորություն ունես բոլոր խնդիրները համախատասխան փաստաթղթավորել և գործընկերների հետ քննարկել: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Ելք-ը հրաժարվել է ԵԱՏՄ-ից դուրս գալու իր պահանջից:

Փաշինյանն ընդգծեց, որ խոսքն այստեղ Ելք խմբակցության դիրքորոշման մասին չէ, այլ խոսքը ՀՀ պոտենցիալ նոր կառավարության մասին է.

«ԵԱՏՄ-ից դուրս գալու խնդիր չի դրվելու, բայց դա, ինչպես ասել եմ արդեն, չի նշանակում, թե ԵԱՏՄ-ում խնդիրներ չկան», - ընդգծեց նա:

Շարունակելով պոտենցիալ կառավարության թեման և անդրադառնալով իր գործընկեր Արարատ Միրզոյանի հայտարարությանը, որ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը կարող է լավ պաշտպանության նախարարի թեկնածու լինել, Փաշինյանն ասաց, որ այս պահին կառավարության ապագա կազմին վերաբերող քննարկումներ չեն եղել.

«Հիմա մեր խնդիրը համերաշխ, նորմալ աշխատանքային մթնոլորտի ձևավորումն է»,- շեշտեց նա:

Փաշինյանը հստակեցրեց նաև մեկ, ոչ պակաս կարևոր հարց.

«Մենք լիարժեք սատարում ենք Լեռնային Ղարաբաղի իշխանություններին», - ասաց նա՝ արձագանքելով հարցին, թե հնարավոր է, որ ներհայաստանյան ժողովրդական ալիքը տարածվի նաև Արցախում իշխանափոխության պահանջով:

Ինչ վերաբերում է վերջին օրերին ադրբեջանական զինուժի ակտիվացմանը շփման գծում, Փաշինյանն ասաց, որ Ադրբեջանի դիրքորոշումը ոչ կառուցողական է և այդ պայմաններում, երբ Ադրբեջանից հնչում են Երևանը գրավելու հայտարարություններ, հայկական կողմը պետք է հետևողական ուժեղացնի բանակն ու բանակի մարտական ոգին: Ըստ նրա՝ դա է ճանապարհը Ադրբեջանին կառուցողական դաշտ բերելու համար:

Բացի այս, ղարաբաղյան հակամարտության հարցում էլ դեռ հստակեցումներ պետք է արվեն.

«Ադրբեջանի ներկայիս դիրքորոշման շարունակվելու դեպքում, ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է նպաստի, որ Ադրբեջանը վերջ տա իր ագրեսիվ հռետորաբանությանն ու վերադառնա կառուցողական դաշտ»,- ասաց թավշյա հեղափոխության առաջնորդը։


Փաշինյանի գլխավոր ուղերձը հետևյալն է.


«Իմ՝ վարչապետ ընտրվելու դեպքում երկրում ամբողջական օրինականություն կհաստատվի»:

Նշենք, որ այս պահին նա հանդիպում է անցկացնում «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների հետ: Սակայն խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հանդիպմանը չի մասնակցում: