25.11.2024
Բանակցությունները հեռանկարային են, երբ կողմերը իրար լսելու ցանկություն ունեն. Կարապետյան
prev Նախորդ նորություն

Կարե’ն, քեզ սպասում է Սերժ Սարգսյանի ճակատագիրը. Փաշինյանը սպառնաց Կարապետյանին

Հաղթանակն ամրագրելու համար վարչապետ պետք է ընտրվի ժողովրդի թեկնածուն: Այս մասին Գյումրիում ընթացող հանրահավաքում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

«Եթե ես իմանամ, որ կա որևէ այլ ճանապարհ, որը չի կոտրելու ՀՀ քաղաքացու հաղանակն ու հաղթանակի զգացողությունը, ես նույն պահին կհրաժարվեմ այս հայտարարությունից: Բայց չկա ուրիշ տարբերակ` ժողովուրդը հաղթել և նրա դե-ֆակտո հաղթանակը պետք է արձանագրվի նաև դե-յուրե մայիսի 1-ին»,- հայտարարեց նա:

Ըստ նրա, ստեղծված ճգնաժամը հաղթահարելու համար կա պարզ գործողություն` բացատրել Կարեն Կարապետյանին, որ ինքը չի կարող լինել ՀՀ վարչապետ, որովհետև այն երկիրը, որտեղ որևէ ՀՀԿ-ական կարող է լինել վարչապետ կամ նախագահ, այդ երկիրը այլևս գոյություն չունի.

«Սա ուրիշ Հայաստան է, սա հաղթանակած քաղաքացու Հայաստանն է»,- շեշտեց նա: Նա հույս հայտնեց, որ կա ինչ-որ մեկը, որ Կարապետյանին ու մյուս ՀՀԿ-ականներին ցույց կտա, թե ինչ էր կատարվում Երևան-Գյումրի իրենց ավտոերթի ճանապարհին.

«Եթե Կարեն Կարապետյանը առաջադրվի վարչապետի թեկնածու , դա կնշանակի, որ նա ինքն իրեն հռչակում է այս հերոսական ժողովրդի թշնամի: Կարեն Կարապետյան, Կարե’ն, դու որոշիր` ուզո՞ւմ ես արդյոք ունենալ այսպիսի հզոր ու հաղթանակած թշնամի: Եթե ուզում ես, քեզ սպասում է նույն ճակատագիրը, ինչ Սերժ Սարգսյանին», - հայտարարեց Նիկոլ Փշինյանը` նշելով,որ պատմությունն արդեն ավարտված է, բայց ոմանք` Կարեն և Սամվել Կարապետյանների գլխավորությամբ, խաղում են ժամանակի վրա: Ըստ նրա` կարող են ձգել, բայց եզրափակիչ սուլիչը սուլելու է անխուսափելիորեն և շատ շուտով:


Վերջում նա հայտարարեց, որ ճգնաժամի լուծումն այն է, որ ԱԺ բոլոր խմբակցությունները` ներառյալ ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, Ծառուկյան ու Ելք խմբակցությունները, վարչապետի թեկնածու առաջադրեն թժողովրդի թեկնածուին ու մայիսի 1-ին ընտրեն նրան.

«Սա այս իրավիճակի լուծման միակ ճանապարհն է: Մնացած բոլոր լուծումները էլ ավելի են խորացնելու ճգնաժամը»,- հավելեց նա: