Հայաստանը հավատարիմ կմնա իր բոլոր միջազգային պարտավորություններին` ՀԱՊԿ-ին, ԵԱՏՄ-ին, ԵՄ-ին
Հայաստանը Ռուսաստանի թշնամին չէ, բայց նաև Հայաստանն ինքն իր թշնամին չէ, որ երկիրը տանի արկածանխդիր ուղիներով: Այս մասին Գյումրիում ընթացող հանրահավաքում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Նա ընդգծեց` իրենց իշխանության գալուց հետո Հայաստանի արտաքին վեկտորը չի փոխվելու:
«Ասել ենք և կրկնում ենք`մեր իշխանության գալուց հետո աշխարհաքաղաքական ռևերսներ չեն լինելու: Մենք չենք ասել և չենք ասում, որ ՀՀ-ն պետք է դուրս գա ՀԱՊԿ-ից և հաստատում ենք, որ մնալու ենք այդ կազմակերպության անդամ, որովհետև դա բխում է ՀՀ ազգային շահերից: Բայց մենք նաև կաշխատենք, որպեսզի այդ կազմակերպությունն ավելի արդյունավետ լինի և շատ ավելի լուրջ երաշխիքներ ապահովի ՀՀ և Արցախի համար»,- հայտարարեց նա:
Ըստ Փաշինյանի, իրենք այս հարցերը չեն պատկերացնում որպես հարցեր, որ պետք է լուծվեն հակամարտության տոնայնությամբ: Դա համբերատար, խաղաղ, գործընկերային աշխատանքի հարց է և դա, շեշտեց թավշյա հեղափոխության առաջնորդը, պետք է հստակ ամրագրել:
«Մենք հաստատում ենք, որ Հայաստանը հավատարիմ կմնա իր բոլոր միջազգային պարտավորություններին` ներառյալ ԵՄ հետ կնքած պայմանագիրը, ինչպես նաև ԵԱՏՄ պայմանագիրը»,- շեշտեց նա:
Միևնույն ժամանակ, շարունակեց Փաշինյանը, սա չի նշանակում, որ երկու ուղղություններով հարաբերությունները անթերի են: Բայց համբերատար աշխատանքի միջոցով դրանք կարելի է շտկել: