Էդմոն Մարուքյանը, Արամ Սարգսյանը եկան Բաղրամյան. նրանք միացնո՞ւմ են Փաշինյանին
Հիվանդանոցից Բաղրամյան պողոտա վերադարձած Նիկոլ Փաշինյանին Բաղրամյանի խաչմերուկում դիմավորեցին «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամներ Էդմոն Մարուքյանը, Մանե Թանդիլյանը և Գևորգ Գորգիսյանը, ինչպես նաև «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը:
Փաշինյանը ջերմ ողջագուրվեց նրանց հետ:
Վերջիններս, հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանի գործընկերներն են «Ելք» դաշինքում, սակայն մինչ այս պահը չէին միանում նրա պայքարին:
«Դուխներդ տեղն ա՞»,- իրեն «Նի-կոլ, Նի-կոլ» վանկարկումներով դիմավորող ցուցարարներին դիմեց Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ժամը 19.00-ին հրավիրվում է հանրահավաք հենց Բաղրամյան պողոտայում:
Ավելի ուշ Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ ինչպես նախկինում էր ասել՝ բռնության կիրառման դեպքում իրենք կլինեն հրապարակում, և այդ տեսանկյունից իրենց մոտեցումներում ոչինչ չի փոխվել: «Մենք ինչ ասել ենք, մեր խոսքի տերն ենք»,- ասաց նա: Սակայն դա չի նշանակում, որ իրենք միանում են պայքարին: