ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մի քանի օր շարունակ իր ֆեյսբուքյան էջում հրապարակում է 2018 թվականի հունվար-փետրվար ժամանակահատվածի ներմուծման ու արտահանման տվյալներ ։ Մի շարք ապրանքների գծով ներմուծման ծավալները կտրուկ աճել էին (ոչ թե տոկոսներով, այլ անգամներով)։
2017-2018թթ. հունվար-փետրվար ամիսների համեմատական արդյունքերը փաստում են, որ զգալի աճ է գրանցվել արտահանման և ներմուծման ցուցանիշներում, գրում է Կարեն Կարապետյանը ու մանրամասնում։ «Մասնավորապես, արտահանումն աճել է 39.9% -ով (230 միլիոնից հասնելով 322 մլն ԱՄՆ դոլարի), իսկ ներմուծումը՝ 51.2%-ով (350 մլն ԱՄՆ դոլարից հասնելով 530 մլն դոլարի): Ընդ որում՝ ընդհանուր արտահանման մեջ ԵՏՄ մասնաբաժինը կազմել է 10.7% (հավելաճը` 18.2%), իսկ այլ երկրներինը՝ 89.3% (հավելաճը՝ 43%): Ինչ վերաբերում է ներմուծմանը, ապա այս ցուցանիշում ԵՏՄ մասնաբաժինը կազմել է 12.7% (հավելաճը` 18.3%), իսկ այլ երկրներինը՝ 87.3% (հավելաճը՝ 57.6%)», - նշում է նա:
Իսկապես, ապրանքների մի մասի դեպքում ներմուծման կտրուկ աճը զարմանալի էր, բայց բացատրելի (օրինակ՝ մաքսային վիճակագրության հստակեցում, վերաարտահանում և այլն)։ Սակայն կային ապրանքներ, որոնց դեպքում ներմուծման թվերը որևէ բացատրության չէին ենթարկվում։
Օրինակ՝ ըստ այդ տեղեկանքի, 2018 թվականի առաջին երկու ամիսներին Հայաստան է ներկրվել 8 մլն 322 հազար հատ սառնարան՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1.9 մլնի դիմաց։ Սա այնքան մեծ թիվ է, որ հնարավոր չէ բացատրել վերաարտահանմանմամբ կամ այլ պատճառներով։ Հարց է ր առաջանում՝ ինչպես է 3 մլն բնակչություն ունեցող երկիրը 8 մլն սառնարան ներմուծել՝ այն էլ երկու ամսում:
Կառավարությունից այնուհետեւ պարզաբանեցին, որ «տեխնիկական վրիպակ չափման միավորի հետ կապված»:
«Տեղի է ունեցել ընդամենը տեխնիկական վրիպակ չափման միավորի հետ կապված՝ սառնարանների բաժնում այն նշվել է որպես «հազար հատ»՝ ուղղակի «հատ»-ի փոխարեն: Այսպիսով, 2018թ. հունվար-փետրվար ամիսներին Հայաստան է ներմուծվել 8322 սառնարան, սառցարան եւ սառեցնող այլ սարքավորում՝ 6424-ով ավելին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ», – նշել է վարչապետի մամուլի խոսնակ Արամ Արարատյանը, b4b-ի հետ զրույցում:
Մյուս ապրանքների ներմուծման տվյալները եւս արժանի են ուշադրության։ ըստ նույն տվյալների՝ այս տարվա առաջին երկու ամսում 43.7 մլն գուլպաներ է ներմուծվել: «Այս տվյալներից ստացվում է՝ 3 մլն բնակչություն ունեցող Հայաստանում յուրաքանչյուրը՝ նորածնից մինչև թոշակառու, 4 օրը մեկ նոր գուլպա է գնում: Ալեքս Տեքստիլի արտադրանքն էլ եթե հաշվի առնենք, կարող է պարզվի՝ օրումեջ ենք առնում» - նշում են տնտեսագետներն ու ենթադրում, որ հավանաբար, խոսքը կրկին վերաարտահանման մասին է:
«Տեքստիլ արտադրանքի առումով եթե ներմուծումը նույն ժամանակահատվածում աճել է 20 տոկոսով, ապա արտահանումն աճել է 2.3 անգամ, այսինքն՝ 200-ից ավելի տոկոսով: Սա նշանակում է, որ այս ապրանքները ներմուծվում են վերաարտահանման նպատակով: Իրականում, երբ նայում ենք նախորդ տարվա Հայաստանի և ԵԱՏՄ երկրների արտահանման ծավալները, մենք տեսնում ենք, որ ՀՀ-ն մեծ քանակությամբ տեքստիլ արտադրանք է սկսել արտահանել ԵԱՏՄ երկրներ: Այնինչ, դուք քաջատեղյակ եք, որ տեքստիլ արտադրանքի գծով մենք այդպիսի մեծ արտադրություններ չունենք, որ այդքան ապրանք կարողանանք արտահանել այդ երկրներ»,- նշում է ՀՊՏՀ միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի վարիչ, տնտեսագիտության դոկտոր Դիանա Գալոյանը, գրում է tert.am-ը:
Նրա խոսքով, հունվար-փետրվար ամիսներին տարբեր տեսակի ապրանքների ներմուծման կտրուկ աճը պայմանավորված է վերաարտահանմամբ: «Այսինքն՝ մեծ քանակով ապրանքներ ներմուծվում են՝ հետագայում ԵԱՏՄ երկրներ վերաարտահանելու նպատակով», - հավելու է նա:
«Հիմնականում մի քիչ ավելի հնարամիտ ձեռներեցները, օգտվելով ԵԱՏՄ-ում ձևավորված այդ իրավիճակից, որ դեռևս միգուցե վերահսկողության լծակներն այլ կերպ են ներմուծման ժամանակ, այդքան խիստ չեն, կարողանում են այս արտադրանքը որպես հայկական ծագման արտադրանք արտահանել այլ երկրներ: Ուղղակի ներմուծում են այդ ապրանքը և ինչ-որ ձեռնտու ձևերով հետո արտահանում են ԵԱՏՄ երկրներ: Նրանք կարողանում են վերաարտահանման հաշվին որոշակի գումարներ աշխատել, որովհետև դատելով ներմուծման ծավալներից՝ պարզ է դառնում, որ հնարավոր չէ, որ այդքանը սպառվի ՀՀ ներքին շուկայում»,- ընդգծում է տնտեսագետը: