23.11.2024
Կառավարությունը Որատանի վաճառքից կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի թանկացումը
prev Նախորդ նորություն

Հայաստանը հրավիրում է ԱՄՆ-ին ուժեղացնել կանխարգելիչ միջոցառումները ղարաբաղյան հակամարտության գոտում

Ամերիկայի Միացյալ Նահանգները հետաքրքրված են ղարաբաղյան հակամարտության շրջանում խաղաղության պահպանմամբ եւ պատրաստ են աջակցել՝ համապատասխան կանխարգելման մեխանիզմների ներդրմամբ: Այդ մասին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը Վաշինգտոնում անցած հանդիպումներից հետո:

Տոնոյանը «Ամերիկայի Ձայնին» պատմել է, որ Միացյալ Նահանգների պաշտպանական եւ արտաքին քաղաքականության գերատեսչություններում անցած հանդիպումների ընթացքում քննարկվել են ղարաբաղյան հակամարտության գոտում զինադադարի պահպանման միջոցների ուժեղացումը:

«Բանակցությունների ընթացքում՝ թե՛ Պենտագոնում եւ թե՛ Պետքարտուղարությունում կա համատեղ կարծիք, որ անհրաժեշտ է ուժեղացնել բոլոր միջոցները, որոնք կարող են լինել կանխարգելիչ` իրավիճակի ռազմական ուղով տանելու տեսանկյունից», - ասել է փոխնախարարը: Կանխարգելման հնարավոր միջոցների թվում Դավիթ Տոնոյանը նշել է միջազգային դիտորդներին սահմանային միջադեպերի հետաքննություն իրականացնելու մանդատի շնորհումը, ինչը թույլ կտա կանխել զինադադարի խախտումները, պատժել մեղավորներին եւ միգուցե նաեւ կողմերի միջեւ վստահության մթնոլորտ ձեւավորել:

Մեկ այլ մեխանիզմ է հանդիսանում զորքերի շփման գծում միջազգային դիտորդների հովանու տակ հսկող եւ դետեկտորային համակարգերի տեղադրումը, ինչը հնարավորություն կտա հասցեագրել զինադադարի յուրաքանչյուր դեպք. «Դա շատ լուրջ կանխարգելիչ միջոց է, շատ լուրջ, ինչ-որ մի բան անելուց առաջ կմտածեն, անեն թե՝ չանեն»:

Անդրադառնալով Վաշինգտոնում քննարկվող մյուս հարցերին՝ փոխնախարարը նշեց, որ Միացյալ Նահանգների հետ Հայաստանը համագործակցելու է պաշտպանության ոլորտի բարեփոխումներ իրականացնելու եւ հայ խաղաղարարների աշխատանքն ապահովելու ոլորտներում: Ներկայում հայ զինվորները խաղաղություն են պահպանում Աֆղանստանում, Կոսովոյում եւ Լիբանանում, իսկ շուտով կարող են մեկնել նաեւ Մալի:

«Ե′վ Պետքարտուղարությունում, ե′ւ Պենտագոնում շատ բարձր են գնահատում մեր խաղաղապահների որակները», - ընդգծել է փոխնախարարը: Հայաստանը նաեւ է հայտնել է ՄԱԿ-ի հովանու ներքո խաղաղապահ գործողություններ իրականացնող մասնագիտացված ուժեր տրամադրելու մասին պատրաստակամություն:

«Դա մեր տեղակայելի դաշտային հոսպիտալն է իր անձնակազմով, դա ինժեներական կարողություններն են, ականազերծողներն են»:

Անդրադառնալով հայ-ամերիկյան համագործակցությանը ռազմական ոլորտում եւ հայ-ռուսական սերտ հարաբերություններին` պաշտպանության փոխնախարարն ընդգծել է, որ այդ հարցում որեւէ հակասություն չկա, եւ որ Միացյալ Նահանգների հետ համագործակցությունը Հայաստանի անվտանգության բաղադրամասերից մեկն է. «Ամերիկայի հետ համագործակցությունը փոխլրացնում է հայ-ռուսական համագործակցությունը ի շահ Հայաստանի հանրապետության անվտանգության ամրապնդմանը»: