25.11.2024
Թրամփի վարչակազմը կշարունակի Ռուսաստանի հանդեպ կոշտ քաղաքական դիրքորոշումը. Սպիտակ տուն
prev Նախորդ նորություն

Լավրովը մեկնաբանել է «Սկրիպալի գործով» ՌԴ-ի հետ համագործակցելու Բրիտանիայի մերժումը

ՀԳՎ նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի գործով Ռուսաստանի հետ համագործակցելու Մեծ Բրիտանիայի մերժումը քիմիական զենքի արգելման մասին կոնվենցիայի կոպտագույն խախտում է: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


«Այն, ինչը մեզ ուղիղ ասվեց՝ մենք ձեզ հետ չենք խոսի, կոնվենցիայի կոպտագույն խախտում է, որի մեջ նշված է, որ մինչեւ ինչ-որ բան անելը պարտավոր ես ուղղակիորեն դիմել այն պետությանը, ինչպես կասկածում ես, որի տարածքից է ծագում այս կամ այն թունավորող նյութը: Մեզ ամբարտավանորեն ասում են՝ մենք ձեզ հետ չենք խոսի»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՌԴ ԱԳ նախարարը:


Պետական դավաճանության համար դատապարտված ՀԳՎ նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալին եւ նրա դստերը մարտի 4-ին Սոլսբերիում հայտնաբերել էին անգիտակից վիճակում: Բրիտանական կառավարության տվյալներով՝ նրանց թունավորել էին ռուսական արտադրության նյարդակաթվածահարող նյութով: Սկրիպալը Բրիտանիայում ապաստան էր ստացել 2010 թվականին ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ հետախույզների փոխանակությունից հետո, երբ ՌԴ-ին փոխանցեցին 10 մարդու:


Բրիտանական կողմը պնդում է, որ թունավորմանը մասնակցել է Ռուսաստանը: Սրա հետ կապված՝ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը անցած չորեքշաբթի հայտարարել էր ՌԴ-ի դեմ մի շարք միջոցառումների մասին, այդ թվում՝ մեկշաբաթյա ժամկետում ռուսաստանցի 23 դիվանագետների արտաքսման եւ բարձր մակարդակով բոլոր երկկողմ շփումների սառեցման մասին: Ռուսաստանը կտրականապես հերքում է թունավորմանն իր մասնակցությունը, հինգշաբթի ՌԴ ԱԳՆ-ն հայտնել էր, որ պատրաստվում է բրիտանացի դիվանագետների պատասխան արտաքսումը: