Լավրովը «Սկրիպալի գործով» Մեծ Բրիտանիայի մեղադրանքները խայտառակ եւ անհիմն է անվանել
Ռուսաստանը Մեծ Բրիտանիայի մեղադրանքները ՌԴ ԳՀՎ նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի թունավորման հարցով խայտառակ եւ անհիմն է համարում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
«Նյու Յորքում մեր ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան, ներկայացնելով, բնականաբար, մեր դիրքորոշումն ու պատշաճ եւ փաստարկված պատասխանելով մեր հասցեին ուղղված բացարձակապես անհիմն եւ խայտառակ մեղադրանքներին, ասել է. «Եկեք ընդունենք փաստաթուղթ այն մասին, որ անհրաժեշտ է հետաքննություն անցկացնել Քիմիական զենքի արգելման մասին կոնվենցիայի հիման վրա: Անգլիական ներկայացուցիչը արգելափակել է այս առաջարկը»,–պատմել է Լավրովը «Ռուսաստան՝ հնարավորությունների երկիր» համաժողովի ժամանակ։
Նշենք, որ Բրիտանիան Ռուսաստանին մեղադրում է Սկրիպալի եւ նրա դստեր թունավորման մեջ։
Մարտի 12-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել էր, որ Սկրիպալի թունավորմանը «մեծ հավանականությամբ» ներգրավված է Ռուսաստանը: Նա ՌԴ-ին ժամանակ էր տվել մինչեւ մարտի 13-ը միջադեպի առնչությամբ մանրամասն պարզաբանումներ տրամադրելու համար, հակառակ դեպքում՝ Մոսկվայի դեմ լուրջ քայլերի ձեռնարկում է նախատեսվում:
Իսկ արդեն մարտի 14–ին Բրիտանիայի վարչապետը հայտարարել է 23 ռուսաստանցի դիվանագետի արտաքսելու եւ Ռուսաստանի հետ երկկողմ շփումները կասեցնելու մասին։
Ավելի վաղ Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ռուսական կողմը չի պատասխանի «Սկրիպալի գործի» վերաբերյալ Լոնդոնի վերջնագրին, մինչեւ Մեծ Բրիտանիան չկատարի քիմիական զենքի արգելման մասին հռչակագրի շրջանակում ստանձնած պարտավորությունները եւ չապահովի նյութին հասանելիությունը, որով թունավորվել են ռուս նախկին սպա Սերգեյ Սկրիպալը եւ նրա դուստր Յուլյան:
Իսկ մարտի 14-ին ՌԴ ԱԳՆ խոստացել է հայտարարությամբ հանդես գալ Բրիտանիայի վարչապետի հայտարարության շուրջ, ապա խոստացել հայելային պատասխան տալ ռուս դիվանագետների արտաքսմանը։
Հիշեցնենք, որ 66-ամյա նախկին լրտես Սկրիպալը եւ նրա դուստրը մարտի 4-ին նյարդապարալիտիկ գազի ազդեցության են ենթարկվել անգլիական Սոլսբերի քաղաքի առեւտրի կենտրոններից մեկում եւ անգիտակից վիճակում տեղափոխվել հիվանդանոց։ Նրանք գտնվում են հիվանդանոցում ծայրահեղ ծանր վիճակում:
Սկրիպալը Ռուսաստանում 2006 թվականին դատապարտվել էր Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսելու համար, իսկ 2010 թվականին նրան ներում է շնորհվել երեք այլ ռուսների հետ: Ավելի ուշ նրանց փոխանակել են ԱՄՆ-ում ձերբակալված ռուս գործակալների հետ: Սկրիպալն ապաստան էր ստացել Մեծ Բրիտանիայում: