Մեծ Բրիտանիան կարտաքսի ռուսաստանցի 23 դիվանագետի. նրանց տրվեց մեկ շաբաթ
Մեծ Բրիտանիան կարտաքսի երկրից ռուսաստանցի 23 դիվանագետի՝ ռուսական հետախուզական վարչության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման գործի առնչությամբ: ՏԱՍՍ հաղորդմամբ, այդ մասին այսօր հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը:
Նա նշել է, որ դիվանագետներն ունեն ընդամենը մեկ շաբաթ ժամանակ, որպեսզի լքեն երկիրը:
«Պարոն Լիտվինենկոյի սպանությունից հետո Մեծ Բրիտանիան արտաքսեց չորս դիվանագետի: Վիեննայի կոնվենցիայի հիմքով այժմ մենք կարտաքսենք 23 ռուսաստանցի դիվանագետի, որոնք, ըստ մեր վարկածի, հանդիսանում են չհայտարարված լրտեսներ»,- ասել է նա:
Բացի այդ, Լոնդոնը իրեն վերապահում է իրավունք ստուգել ռուսական մասնավոր ինքնաթիռներն ու սառեցնել «կասկածելի» հաշվիները: Սառեցման ենթակա են նաև պետական ակտիվները, եթե, ասել է ՄԲ վարչապետը, ապացույցներ լինեն, որ դրանք կարող են սպառնալ Մեծ Բրիտանիայի քաղաքացիների կյանքին կամ նրանց սեփականությանը:
Միևնույն ժամանակ Մեյն ընդգծել է, որ Լոնդոնի ու Մոսկվայի միջև երկխոսության դադարեցումը չի բխում Բրիտանիայի շահերից, բայց նման «սարսափելի» բանից հետո այդ հարաբերությունները չեն կարող լինել առաջվանը:
66-ամյա Սկրիպալն ու նրա 33-ամյա դուստր Յուլիան մարտի 4-ին ենթարկվել են նյարդա-պարալիտիկ նյութի ազդեցության, նրանց անգիտակից վիճակում հայտնաբերել են փողոցում, Սոլսբերիում: Նրանք շարունակում են մնալ հիվանդանոցում կրիտիկական վիճակում: Թերեզա Մեյը հայտարարել է, որ նրանց թունավորել են ԽՍՀՄ-ում ստեղծված «Նովիչոկ» թույնի միջոցով: