ՌԴ Գլխավոր շտաբից հայտնել են Դամասկոսին հարվածելու ԱՄՆ ծրագրերի մասին
ԱՄՆ-ն մտադիր է Արեւելյան Գուտայում գրոհայինների սադրանքն օգտագործել որպես Դամասկոսի կառավարական թաղամասերին հարվածելու պատճառ: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք հավաստի տեղեկություններ ունենք, որ գրոհայինները բեմադրություն են նախապատրաստում խաղաղ բնակիչների դեմ կառավարական զորքերի կողմից քիմիական զենք կիրառելու մասին: Այս նպատակով Արեւելյան Գուտայի մի քանի շրջաններում զանգվածայանին տեսարանների համար այլ շրջաններից բերված կանանց, երեխաների եւ ծերերի են հավաքել, որոնք պետք է պատկերեն քիմիական միջադեպի զոհերին»,- ասել է գեներալը:
Նրա խոսքով՝ այնտեղ են գտնվում արդեն «Սպիտակ սաղավարտների» ակտիվստները եւ նկարահանող խմբերը՝ արբանյակային տեսահեռարձակման սարքավորումներով:
«Սա հաստատվում է ահաբեկիչներից ազատագրված Աֆթրիս բնակավայրում քիմիական զենքի արտադրության լաբորատորիաների հայտնաբերմամբ»,- ընդգծել է Գերասիմովը:
Գեներալի խոսքով՝ սադրանքից հետո ԱՄՆ-ն ծրագրում է Դամասկոսին մեղադրել քիմիական զենք կիրառելու մեջ եւ ներկայացնել Սիրիայի կառավարության ու նրան «աջակցող ռուսական ղեկավարության» մեղքով խաղաղ բնակչության զանգվածային մահվան «ապացույցներ»:
Գերասիմովը նշել է, որ Վաշինգթոնը որպես պատասխան միջոցառում «ծրագրում է Դամասկոսի կառավարական թաղամասերի վրա հրթիռառմբային հարված հասցնել»:
Գլխավոր շտաբի ղեկավարը հիշեցրել է, որ հիմա Դամասկոսում են գտնվում ռուսաստանցի ռազմական խորհրդատուներ, հակառակորդ կողմերի հաշտեցման կենտրոնի ներկայացուցիչներ եւ ռազմական ոստիկաններ: