25.11.2024
Պուտին. ՌԴ-ն չի արտահանձնի ԱՄՆ ընտրություններին միջամտելու մեջ կասկածվող իր քաղաքացիներին
prev Նախորդ նորություն

Ի՞նչն է մարդկանց դրդում գնալ այլոց փրկության․ «Ավրորայի երկխոսությունները» Նյու Յորքում

Նյու Յորքում կայացան 2018 թվականի առաջին «Ավրորայի երկխոսությունները» (AuroraDialogues): Այս մասին հայտում է նախաձեռնության մամուլի ծառայությունը։


«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը՝ Սեպտեմբերի 11-ի ազգային հուշահամալիր-թանգարանի հետ համագործակցությամբ, հրավիրել էր մարդասիրական հանրույթի նշանավոր ներկայացուցիչների՝ «Համերաշխություն առանց սահմանների. Հերոսի ուղին» նշանաբանի ներքո:


Մասնակիցները քննարկում էին, թե աղետի պայմաններում ի՞նչն է մարդկանց դրդում սեփական կյանքը վտանգի ենթարկելով ոտքի կանգնել հանուն այլոց փրկության։


«Մեզ համար պատիվ է «Ավրորա»-ի հետ միասին առաջ մղել մարդկային մեծահոգությունը, քանի որ դա է նաեւ 2001 թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակման դրական ու ճշմարիտ ժառանգությունը»,– նշեց Սեպտեմբերի 11-ի ազգային հուշահամալիր-թանգարանի նախագահ եւ գլխավոր գործադիր տնօրեն Ալիս Գրինվալդը։


Գլխավոր զեկույցով հանդես եկավ նշանավոր հոգեբան, HeroicImagination Project կազմակերպության հիմնադիր նախագահ, Սթենֆորդի համալսարանի պատվավոր պրոֆեսոր Ֆիլիպ Զիմբարդոն: Նա խոսեց հերոսության հոգեբանական այն դրդապատճառների մասին, որոնք ոմանց մղում են ոտքի կանգնել, երբ ուրիշները գերադասում են կողք կանգնել։


Կլոր սեղանի ընթացքում, որը վարում էր «Վաշինգթոն Փոսթ» օրաթերթի սյունակավարԴեյվիդԻգնեյշըզը, «Ավրորա» մրցանակի 2016 թ. դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն պատմեց աղետները դիմագրավելու եւ հաղթահարելու սեփական փորձի մասին։


Կլոր սեղանի ընթացքում ելույթ ունեցավ նաեւ Նյու Յորքի եւ Նյու Ջերսիի Նավահանգստային վարչական շրջանի ոստիկանության Հատուկ գործողությունների ուժերի պաշտոնաթող լեյտենանտ Բիլ Քիգանը, որը եղել է Համաշխարհային առեւտրի կենտրոնի որոնողական-փրկարարական ուժերի գիշերային հերթափոխի հրամանատարը՝ աշխատելով դեպքերի էպիկենտրոնում 2001 թ. սեպտեմբերի 11-ից մինչեւ 2002 թ. մայիսի 30-ը։ Լեյտենանտ Քիգանը հիմնադրել եւ նախագահում է H.E.A.R.T. 9/11 (HealingEmergencyAidResponse Team) կազմակերպությունը, որը զբաղվում է աղետներին արագ արձագանքելու, առանձնակի տուժած վայրերում համայնքային կենտրոնները վերակառուցելու խնդիրներով։


«Մարգարիտն ու լեյտենանտ Բիլ Քիգանը մարմնավորում են աղետը հաղթահարող մարդու անօրինակ խիզախությունն ու կյանքի անհավատալի ուղին։ Մարգարիտն ինքը փրկվելուց հետո ձեռնամուխ եղավ հազարավոր մարդկանց փրկությանը»,– ասաց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանըեւ հավելեց:


«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության խորքային արժեքներից է բարեգործության շղթան անխախտ պահելու եւ դրա ազդեցությունն ապահովելու գործը։ Այս հերոսները վտանգի են ենթարկել ամենաթանկը՝ սեփական կյանքը։ Ամենաքիչը՝ մենք պարտավոր ենք աջակցել նրանց եւ նրանց պայքարին՝ վառ պահելու համար մարդկային արժեքներն ու մեծահոգության ոգին», - հավելել է Վարդան Գրեգորյանը:


AuroraDialogues հաջորդ երկխոսությունները տեղի կունենան ս.թ. հունիսին Երեւանում՝ որպես 2018 թ. «Ավրորա» մրցանակաբաշխության գլխավոր արարողությանը նախորդող միջոցառումների մաս։